Եվրամիությունը լրացուցիչ սահմանափակումներ է մտցրել Ռուսաստանի նկատմամբ՝ պատժամիջոցներ սահմանելով ինը ֆիզիկական անձանց և չորս կազմակերպությունների դեմ՝ ԵՄ անդամ երկրների տարածքում գտնվող թիրախների դեմ կիբերհարձակումներ իրականացնելու համար։ Այս մասին ասվում է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հայտարարության մեջ, որը տարածել է նրա մամուլի ծառայությունը։
Հայտարարության մեջ նշվել է, որ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը «տարիներ շարունակ իրականացրել է վնասակար կիբերգործողությունների լայն շրջանակ, որոնք ազդել են ԵՄ-ի, նրա անդամ պետությունների, ինչպես նաև միջազգային գործընկերների, մասնավորապես՝ Ուկրաինայի վրա»։
«Այդ գործողությունները ներառել են պետական ցանցերի ներթափանցում և կարևոր ենթակառուցվածքների դեմ դիվերսիաներ։ Թիրախների թվում են եղել, ի թիվս այլոց, Ֆրանսիան, Գերմանիան, Լեհաստանը, Կիպրոսը, Նիդերլանդները, Ավստրիան, Սլովակիան, Ռումինիան և Ֆինլանդիան»,- ասվում է հայտարարության մեջ։
ԵՄ-ն հայտարարել է, որ խստորեն դատապարտում է Ռուսաստանի գործողությունները, որի թիրախում են հայտնվել հանրային ծառայությունները և կարևոր ենթակառուցվածքներ։
«Այդ գործողություններին ի պատասխան՝ ԵՄ-ն նաև սահմանափակող միջոցներ է կիրառում ինը անձանց և չորս կազմակերպությունների նկատմամբ։ ԵՄ պատժամիջոցների ցանկում ընդգրկված են Ռուսաստանի ռազմական հետախուզության աշխատակիցներ, ինչպես նաև կիբերհանցագործներ, ինքնահռչակ հաքերային ակտիվիստներ և մասնավոր ընկերություններ, որոնք նպաստում են Ռուսաստանի՝ ԵՄ-ն, նրա անդամ պետությունները և միջազգային գործընկերներին ապակայունացնելու ջանքերին»,- ասվում է հայտարարության մեջ։
Պատժամիջոցները ներառում են ԵՄ մուտքի արգելք և նշված անձանց ու կազմակերպությունների բանկային ակտիվների սառեցում։
Նշենք, որ Ռուսաստանը պաշտոնապես հերքում է մասնակցությունը Եվրոպայի տարածքում իրականացված կիբերհարձակումներին։



