Հուլիսի 20-ին՝ Սահմանադրական դատարանի դատավորի երդումից առաջ, Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքով չնախատեսված ընթացակարգով տխմարագույն ճառեր արտասանող դեմագոգ Վահե Գրիգորյանն (այսուհետ՝ տխմարագույն դեմագոգ․ բառերի հեղինակային իրավունքը պատկանում է հենց Վահե Գրիգորյանին) իր հերթական բարբաջանքը արտաբերեց՝ ասելով․ «Սահմանադրական դատարանը միակ մարմինն է, որը դեռ անցումային փուլում է: Սահմանադրական դատարանը դեռ շարունակում է գործել անցումային տրամաբանության և անցումային գործողությունների տիրույթում։ Անցումային տրամաբանության մեջ այն ունի սահմանադրականության ճեղքեր, որոնք ես քննարկելու եմ Սահմանադրական դատարանի անդամների ու դատավորի հետ, հետո նրանց հետ համատեղ հույս ունեմ գալ համատեղ լուծման և հանրության առջև հանդես գալ այդ լուծմամբ։ Այսօր, այս երդումը տալով, ես դառնալու եմ ՍԴ երկրորդ դատավորը: Այո՛, դուք չեք սխալվում՝ երկրորդ դատավորը: Այս երդումը տալու պահից ՍԴ-ում լինելու է երկու դատավոր։ Սահմանադրական դատարան մուտք գործելիս, որպես Սահմանադրական դատարանում միակ դատավոր, որովհետև մյուս դատավորը հիմա երկրում չէ, ես, ստանձնելով Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունների և պարտականությունների կատարումը, Սահմանադրական դատարանի անդամների հետ խնդիրը քննարկելուց հետո նրանց համաձայնությամբ կամ համաձայնության բացակայության պայմաններում ընդունելի ձևաչափով այդ մասին կտեղեկացնեմ նաև հանրությանը և իշխանությանը»:
Հիմա հարց. ի՞նչ թափուր պաշտոն է առաջացել, որին հավակնել է տխմարագույն դեմագոգը, և արդյո՞ք առկա եղել է Սահմանադրական դատարանի դատավորի թափուր պաշտոն, որպեսզի մյուս տխմարագույն դեմագոգ Արմեն Սարգսյանը (հեղինակային իրավունքը այս դեպքում ևս Վահե Գրիգորյանինն է) իրավունք ունեն այս պաշտոնի համար առաջադրելու թեկնածու, իսկ Ազգային ժողովն էլ ընտրի:
Կարծում եմ՝ միանշանակ է, որ եթե թափուր է, ասենք, X կազմակերպության հաստիքացուցակով նախատեսված պահակի հաստիքը, որևէ մեկը չի կարող այդ հաստիքում ընտրել, նշանակել փականագործ: Մասնագիտությամբ նա կարող է և փականագործ լինել, բայց վերջինիս պաշտոնը, աշխատանքը վարորդ է:
Ասել կուզեմ՝ եթե Սահմանադրական դատարանում չկա Սահմանադրական դատարանի դատավոր, ուստի Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը չի կարող թափուր մնալ, հետևաբար որևէ մեկը չի կարող ընտրվել Սահմանադրական դատարանի դատավոր:
Հիմա նայենք առարկայական: Ըստ տխմարագույն դեմագոգի՝ Սահմանադրական դատարանում 2018 թվականի ապրիլի 9-ից հետո որևէ դատավոր չի եղել: Թովմասյանը, Գյուլումյանը, Թոխյանը, Թունյանը, Հովհանիսյանը, Նազարյանը, Խաչատրյանը, Պետրոսյանը եղել են և շարունակել են լինել Սահմանադրական դատարանի անդամներ, և այդ պահի դրությամբ թափուր է եղել Սահմանադրական դատարանի մեկ անդամի պաշտոն:
Հիմա ձեր ուշադրություն եմ հրավիրում Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի 17-րդ հոդվածի վրա: Հոդվածը վերնագրված է՝ «Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղը համալրելու կարգը»: Նկատեցի՞ք, Սահմանադրական դատարանի ԴԱՏԱՎՈՐԻ: Հիմա, եթե Սահմանադրական դատարանում պաշտոնավարում են անդամներ, ապա ո՞նց է դատավորի թափուր տեղ առաջանում։ Բնականաբար, չի առաջանում, եթե Սահմանադրական դատարանում, ըստ տխմարագույն դեմագոգի, չկան դատավորներ, հետևաբար չի կարող նաև Սահմանադրական դատարանում առաջանալ դատավորի թափուր պաշտոն, ուստի ինչ-որ պահի դադարել է Սահմանադրական դատարանի անդամի լիազորությունը, և թափուր է մնացել Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնը, ուստի տխմարագույն դեմագոգ Արմեն Սարգսյանն իրավունք չուներ Ազգային ժողովին առաջադրելու Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու, իսկ Ազգային ժողովն էլ չէր կարող ընտրել դատավոր այն պարզ պատճառով, որ նման թափուր հաստիք գոյություն չունի: Այս երկու մարմինները խախտել են Սահմանադրությունը և Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքը, իսկ նրանցից մեկն արդեն իսկ աղերսներ ունի քրեական օրենսգրքի հետ:
Այսպիսով՝ տխմարագույն դեմագոգ Վահե Գրիգորյանն ընտրվել է Սահմանադրության և Սահմանադրական դատարանի մասին օրենքի կոպտագույն խախտումներով, կրկնում եմ՝ Սահմանադրական դատարանում չի եղել Սահմանադրական դատարանի թափուր հաստիք, որին վերջինս կհավակներ, տխրահռչակ դեմագոգը Սահմանադրական դատարանի դատավոր չէ: Սահմանադրությունն ու օրենքները Սահմանադրական դատարանի անդամի թափուր տեղը համալրելու որևէ ընթացակարգ չունեն: Արձանագրենք նաև, որ նույն խախտումներով է ընտրվել նաև, ըստ հավաստի տվյալների, տխմարագույն դեմագոգի ընկեր Արման Դիլանյանը, ուստի վերջինս ևս Սահմանադրական դատարանի դատավոր չէ:
Կոչ եմ անում բոլորին երկուշաբթի արգելափակել Սահմանադրական դատարանը և արգելել այս տխմարագույն ճառեր ասող դեմագոգի և նրա ընկեր Արման Դիլանյանի մուտքը Սահմանադրական դատարան:
Բա որ ասում եմ փոս փորողը փոսն է ընկնում, կամ սրած բիզը սրողի հետևնա մտնում, չեք հավատում:
Սպասենք, թե այս տխմարագույն ճառեր արտասանող դեմագոգին ե՞րբ է մեղադրանք առաջադրվելու Սահմանադրական կարգը տապալելու համար:
Հետգրություն․ տողերիս հեղինակն, իհարկե, չի կիսում այս մեկնաբանությունը, քանի որ սա մեկնաբանության նոր տեսակ է՝ տխմարագույն մեկնաբանություն։