Women՛s Club-ը նոր մասնակից ունի. «Միսս Արմենիա 2018» մրցանակակիր Արենա Զեյնալյանն այսուհետ կլինի նախագծի հիմնական կազմում: Նրա մասնակցությամբ առաջին եթերը կլինի այս շաբաթ օրը, իսկ մինչ այդ BlogNews.am-ը զրուցել է գեղեցկուհու հետ:   

«Առաջարկը ստացել եմ պրոդյուսերի և տնօրենի կողմից: Նախագիծը մի քիչ ուսումնասիրելուց հետո սիրով ընդունեցի առաջարկը: Իհարկե, բազմիցս լսել էի ծրագրի մասին, քանի որ այն բավականին մեծ ռեյտինգ ունի, բայց զբաղվածության պատճառով չէի հասցնում նայել: Հիմա արդեն ընդգրկված եմ թիմում: Սա ինձ համար լավ փորձառություն է, և վստահ եմ՝ հաջող կստացվի»:

Գեղեցկուհին նշում է, որ իր հետ կապված հումորները միայն գեղեցկության թեմաներով չեն. «Մենք փորձելու ենք կոտրել այն կարծրատիպը, որ գեղեցկուհին հիմարիկ է: Լինելու եմ իրանահայ գեղեցկուհու կերպարում, ով ճանաչվել է «Միսս Արմենիա», եկել և Հայաստանում է ապրում: Շեշտը դրվելու է նաև իմ՝ իրանահայի ակցենտի վրա»:

Արենան նշում է, որ աղջիկները, ստեղծագործական կազմը շատ են օգնում նախագծում արագ ինտեգրվելու համար. «Մինչ բեմ բարձրանալը, փորձերի ժամանակ աղջիկները շատ են ոգեշնչում: Բավականին տաղանդավոր և պրոֆեսիոնալ են»:

Ի դեպ, առաջին եթերն Արենայի համար ևս անակնկալ է լինելու, ասում է՝ անհամբեր սպասում է. «Իհարկե, հասկանում եմ, որ մարդկանց ծիծաղեցնելը բարդ է, բայց ես էլ մինչ այս դերասանական փորձառություն չեմ ունեցել: Հիմա ես վստահեցնում եմ, որ գնալով ինձ մոտ ավելի լավ կստացվի, որովհետև փորձառությունը շատ կարևոր է: Ես բեմում շատ եմ եղել, ոչ մի վախ չունեմ, բայց երբ ներկայանում ես որպես դերասանուհի և պետք է ծիծաղեցնես մարդկանց, դա այլ է»:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել