Մարդու մազերը բաղկացած են 3 շերտից՝ ներքին, միջին և արտաքին: Երբ մազերի կուտիկուլան վնասվում է, մազերը դառնում են չոր և կորցնում իրենց փայլը: Վնասված մազերի այլ նախանշաններ են կոպտությունը, ճյուղավորվածությունը, վնասված գլխամաշկը և ոչ էլաստիկությունը:
Մազերը կարող են վնասվել տարբեր պատճառներով: Ամենատարածված պատճառներից են հաճախակի լվացումը, տաք և չոր կլիմայում երկարատև ապրելը, տաք սարքավորումների (վարսահարդարիչ, հարթեցնող արդուկներ) օգտագործումը, խոնավության պակասը, արևի ուլտրամանուշակագույն ճառագայթները, և այլն:
top10homeremedies.com-ը ներկայացնում է բնական մի քանի միջոցներ՝ վնասված մազերը վերականգնելու համար.
Ձիթայուղ
Ձիթայուղը շատ օգտակար է վնասված մազերի համար: Այն պարունակում է ճարպաթթուներ, որոշ հակաօքսիդանտներ և վիտամին E, ինչի շնորհիվ այն բուժում է մազերի վնասված շերտերը՝ սնուցելով կուտիկուլան:
Տաք ձիթայուղը քսեք գլխամաշկին և մազերին: Մի քանի րոպե նուրբ մերսեք և գլուխը ծածկեք տաք սրբիչով: Թողեք 30 րոպե կամ ամբողջ գիշեր, ապա լվացեք մազերը: Առնվազն շաբաթը մեկ անգամ կրկնեք այս գործողությունը:
Ավոկադո
Ավոկադոն հարուստ է վիտմիններով, ճարպերով, պրոտեիններով, սնուցող ճարպաթթուներով և բնական յուղերով, այն օգնում է վերականգնել վնասված մազերը: Ավոկադոն փափկեցնում և խոնավեցնում է մազերը: Այն կարող է կանխարգելել նաև հետագայում ազատ ռադիկալների առաջացումը:
Հասած ավոկադոն խառնեք 1-2 թ/գ ձիթայուղի հետ և հարեք բլենդերով՝ մինչև խիտ զանգված ստանալը: Քսեք մազերին, թողեք մնա 1 ժամ և լվացեք:
Ձու
Ձվի դեղնուցը պարունակում է պրոտեին, հանքանյութեր և սնուցող ճարպաթթուներ, որոնք կարող են սնուցել մազերն ու փայլ հաղորդել: Իսկ ձվի սպիտակուցի մեջ առկա էնզիմները մաքրում են մազերն ու գլխամաշկը:
Լավ հարած մեկ ձվով մի քանի րոպե շարունակ մերսեք գլխամաշկն ու մազերը: Ծածկեք գլուխը սրբիչով և թողեք 20 րոպե մնա, այնուհետև լվացեք սառը ջրով (ոչ տաք) և շամպունով՝ ինչպես միշտ:
Ալոէ
Ալոէն շատ օգտակար է վնասված մազերը վերականգնելու հարցում: Այն փափկեցնում է մազերը: Ալոէն պարունակում է նաև էնզիմներ, ամինաթթուներ և վիտամիններ C և E, որոնք օգտակար են մազերի համար:
Վնասված մազերին քսեք ալոէի հյութը, թողեք մնա 10-15 րոպե, այնուհետև լվացեք տաք ջրով:
Կոկոսի յուղ
Կոկոսի յուղը պարունակում է սննդարար նյութեր, որոնք շատ օգտակար են մազերի համար: Այն հեշտորեն ներթափանցում է մազարմատներ և կանխարգելում վնասվածքները, մազերն ավելի առողջ է դարձնում: Գլխամաշկը կոկոսի տաք յուղով մերսեք ամեն օր, առնվազն շաբաթը 3 անգամ՝ 5 րոպեով: Թողեք ամբողջ գիշեր մնա: Առավոտյան լվացեք մազերը շամպունով:
Բանան
Բանանը նույնպես օգնում է վնասված մազերին: Կալիումի, վիտամինների, բնական յուղերի և խոնավեցնող հատկանիշների առկայության շնորհիվ բանանը փափկեցնում և լավացնում է մազերը: Մեկ հասած բանանը տրորեք և տարածեք մազերին: Թողեք 1ժամ մնա, այնուհետև լվացեք գոլ ջրով: