Ճապոնիայի Նարա քաղաքում վեց պուտավոր եղնիկ է անկել պլաստիկ ուտելու հետևանքով, հաղորդում է The Independent-ը:

Հերձման ժամանակ կենդանիներից մեկի ստամոքսում 4 կիլոգրամ պլաստիկ թափոններ են հայտնաբերվել: Նարայի հիմնական քաղաքային զբոսայգիներից մեկում մոտ 1200 եղնիկ է ապրում, որոնք սուրբ կենդանիներ են համարվում: Զբոսաշրջիկները կերակրում են կենդանիներին: Այգում կենդանիներին հյուրասիրելու համար Նարայի եղնիկների բարեկեցության ասոցիացիայի կողմից ստեղծված էկոլոգիապես մաքուր փաթեթավորմամբ հատուկ կեր է վաճառվում՝ սենբեյ (ճապոնական բրնձի կրեկերներ): Այնուամենայնիվ, այցելուների մեծամասնությունն իրենց հետ սնունդ են բերում և թողնում պլաստիկ աղբը, որը կենդանիները որպես սնունդ են ընդունում, ինչն էլ անկման պատճառ է դառնում:

«Այս սուրբ կենդանիներին որպես ապրանքի են վերաբերվում, որոնք զբոսաշրջիկներն օգտագործում են Instagram-ի համար կատարյալ լուսանկար ստանալու համար: Ճապոնիան ԱՄՆ-ից հետո երկրորդ տեղն է զբաղեցնում մեկ շնչի հաշվով պլաստիկ թափոնների քանակի առումով, և այդ բնապահպանական խնդիրը միայն Նարայի այգուն չի վերաբերում»,- ասել է Responsible Travel էկոտուրիզմի ասոցիացիայի գլխավոր տնօրեն Ջասթին Ֆրենսիսը:

Եղնիկների իրավունքների պաշտպանության բրիտանական միությունը կոչ է անում մարդկանց հեռավորությունից դիտել կենդանիներին և կերակրել միայն հատուկ դրա համար նախատեսված սննդով և բնությունը չաղտոտել աղբով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել