Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մայիսի 27-ին Երևանի Խաչքարերի պուրակում մասնակցել է Զբոսաշրջության կոմիտեի կողմից կազմակերպված «Ճանաչիր Հայաստանը» երկօրյա մարզային զբոսաշրջային ցուցահանդեսի բացման արարողությանը։
Տեղեկացնում են Էկոնոմիկայի նախարարությունից։
Ցուցահանդեսի նպատակն է ներկայացնել Հայաստանի բոլոր մարզերի զբոսաշրջային առանձնահատկություններն ու առկա ներուժը, արկածային տուրիզմի հնարավորությունները, հարուստ մշակութային ժառանգությունն ու խոհանոցը։
«Նախորդ տարի ներքին զբոսաշրջիկների թիվը կազմել է 1,6 մլն։ Այդ ցուցանիշը համադրելի է արտաքին զբոսաշրջիկների թվի հետ և ցույց է տալիս, որ ներքին զբոսաշրջության զարգացումը նույնպես շատ կարևոր է։ Ներկայում Հայաստանում լայն թափով զարգանում են մարզային զբոսաշրջային ընկերությունները, հյուրանոցները, գաստրոբակերը, ինչին նպաստում է նաև երկրում ձևավորված բարենպաստ գործարար միջավայրը», - նշել է Վահան Քերոբյանը։
Նախարարը նաև հավելել է, որ պետությունը նույնպես խոշոր ներդրումներ է իրականացնում զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ, և առաջիկա տարիներին Կառավարությունը նախատեսում է զարգացնել 20 զբոսաշրջային կլաստեր։