Չեմ հասկանում` Արցախի ամեն մի հաջողություն ինչո՞ւ է սրանց կոկորդին մնում։ Չնայած պարզ երեւում է, որ մարդիկ Արցախի դեմ աշխատելու ինչ-որ առաջադրանքներ են ստացել։ Թե ումից եւ ինչ կազմակերպություններից՝ ժամանակը ցույց կտա։
Ըստ քաղաքագետ Սաֆարյան Ստյոպիկի՝ եթե Արցախում ConiFA-2019-ը չանցկացնեին, եւ Աբխազիայի ու Հարավային Օսիայի հավաքականները չմասնակցեին այդ խաղերին, Թուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը երբեք համատեղ զորավարժություններ չէին անցկացնի, իսկ Վրաստանի պաշտպանության նախարարն էլ երբեք ադրբեջանամետ հայտարարություններ չէր անի։ Փաստորեն, բախտներս բերեց, որ Լուգանսկի և Դոնեցկի ժողովրդական ինքնահռչակ հանրապետությունների հավաքականներն ինչ-ինչ պատճառներով չմասնակցեցին մրցումներին, թե չէ Ուկրաինայի բանակն էլ կմիանար այդ զորաժարժություններին եւ հայտարարություններին։
Սաֆարյան Ստյոպային ուզում եմ հիշեցնել, որ նախ՝ Վրաստանը չի մասնակցել Նախիջեւանում անցկացված թուրք-ադրբեջանական զորավարժություններին, երկրորդն էլ` Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման մասով Վրաստանի պաշտպանության գերատեսչության ղեկավարներն առաջին անգամ չէ, որ հայտարարություններ են տարածում։ Ապրիլյան մարտական գործողությունների օրերին՝ 2016-ի ապրիլի 4-ին, Զաքիր Հասանովի հետ տեղի ունեցած հեռախոսային խոսակցության ժամանակ դրա մասին հայտարարել էր Վրաստանի նախկին պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին (հղումն՝ այստեղ), իսկ ներկա պաշտպանության նախարար Լևան Իզորիան դրա մասին հայտարարել էր դեռեւս 2018-ի մարտի 9-ին՝ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ (հղումն՝ այստեղ)։ Եռակողմ զորավարժությունների մասով ասեմ, որ մոտ 10 տարի է, ինչ Թուրքիան, Վրաստանն ու Ադրբեջանը համատեղ տարբեր բնույթի զորավարժություններ են անցկացնում՝ սկսած հրամանատարաշտաբային վարժանքներից եւ վերջացած հատուկ նշանակության ուժերի զորավարժություններով։ Մի քանիսը թվարկեմ.
- 2009թ. սեպտեմբերի 28, Անկարա, «Eternity-2009» հրամանատարաշտաբային զորավարժություններ,
- 2012թ. նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 3-ն Անկարայում անց են կացվել ՀՆ ուժերի զորավարժություններ,
- 2014թ. սեպտեմբեր Վրաստանի Կրցանիսիի ուսումնական կենտրոնում «Eternity» հրամանատարաշտաբային զորավարժություններ,
- 2014թ. Թուրքիայի ցամաքային զորքերի լեռնային պատրաստականության կենտրոնում ՀՆ ուժերի զորավարժություններ (մասնակցել է նաեւ Թուրքմենիստանը),
- 2012-ից առ այսօր անց են կացվում ՀՆ ուժերի «Caucasus Eagle» (Կովկասյան Արծիվ) զորավարժությունները։ 2015թ. մայիսի 31-ից հունիսի 10-ը Թուրքիայում անց է կացվել «Caucasus Eagle-2015»-ը, իսկ 2017-ի հունիսի 5-ից 15-ը Վրաստանի Վազիանիի զորավարժարանում անց է կացվել «Caucasus Eagle-2017»-ը,
- Eternity-2017 հրամանատարաշտաբային զորավարժություններն անց են կացվել ՆԱՏՕ-ի եւ Վրաստանի մարզման եւ գնահատման համատեղ կենտրոնում,
- Eternity-2017 հրամանատարաշտաբային զորավարժությունները անց են կացվել թուրքական Լյուլեբուրգասում։