Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ մոպեդը վարել է Թուրքմենստանի քաղաքացի 50-ամյա Ումիրով Ուռալին, իսկ «Honda»-ն վարել է Երևանի բնակիչ Վարուժան Բաղդասարյանը։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հուլիսի 11-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Երևանում։
Ժամը 21։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Աշտարակի խճուղում՝ «Արմենիա» հեռուստաընկերության մոտ, հաստաբուն ծառը արմատից պոկվել և ընկել էր ավտոմեքենայի և մոպեդի վրա։
Օպերատիվորեն դեպքի վայր էր ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի հրշեջ–փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Դեպքի վայր էին ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատար Արսեն Սարգսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Հովհաննիսյանի և վաշտի հրամանատար Արարատ Պետրոսյանի գլխավորությամբ։
Դեպքի վայր էր ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Ավագյանի գլխավորությամբ։
Փրկարարները, պարեկները ու համայնքային ոստիկանները տեղում պարզել էին, որ ուժեղ քամու հետևանքով փտած ու դարն ապրած հաստաբուն ծառը պոկվել և ընկել էր այդ պահին ընթացող «Honda» մակնիշի ավտոմեքենայի և մոպեդի վրա, ինչի հետևանքով մոպեդավարը տեղում մահացել էր։
Դեպքի մասին Ոստիկանության Մաշտոցի բաժնից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ բաժնի պետ Էդգար Բալոյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի՝ ժողովրդին ավելի շատ հայտնի «Բեգոյանի հիմնարկ»-ի աշխատակիցները մի քանի անգամ փորձել էին ծառը հեռացնել, քանի որ այն իրական վտանգ էր ներկայացրել, բայց մի խումբ այսպես կոչված մի քանի քաղաքացիներ դեմ էին դուրս եկել ու եթե այդպես չլիներ, այսօր այս դժբախտ դեպքը տեղի չէր ունենա։
Գ․ Շամշյանի տեղեկություններով, մոպեդավարը օտարերկրացի է։
Նյութի աղբյուր՝ https://shamshyan.com/hy/article/2026/07/13/1308999
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



