Անցած օրերին Սիրիայից ստացվող տեղեկատվության համաձայն՝ կարծես, մոտենում է հակակառավարական ուժերի կողմից վերահսկվող վերջին շրջանի՝ Իդլիբի դեմ վճռորոշ ճակատամարտը: Մասնավորոպես, սիրիական բանակը, դաշնակից խմբավորումները և ՌԴ օդատիեզերական ուժերը բավական կարևոր ռազմագործողություններ են իրականացնում Իդլիբին հարակից Համա, Լաթակիա, Հալեպ նահանգներում՝ հանգուցային հարձակմանն ընդառաջ անհրաժեշտ ենթակառուցվածքները և ռազմավարական նշանակության շրջանների շուրջ անվտանգային միջավայրը ձևավորելու համար: Զուգահեռաբար, զարգացումներին նախապատրաստվում են նաև Իսլիբը վերահսկող տարաբնույթ խմբավորումները և հատկապես դրանցից որոշների արտաքին հովանավոր Թուրքիան՝ ապահովելով արևելաեվրոպական մի շարք երկրներից սպառազինության անխափան մատակարարումները Սիրիայի հյուսիս:
Ըստ էության, այդպես էլ չկարողանալով կյանքի կոչել դեռևս 2018թ. սեպտեմբերին Ռուսաստանի հետ համաձայնության շրջանակում ստանձնած պարտավորությունները՝ Թուրքիան ներկայումս լրջորեն նախապատրաստվում է բուն ռազմագործողությունների ընթացքում սեփական դերակատարությունը հնարավորինս բարձր գնով «վաճառելու» գործընթացին: Իսկ Թուրքիայի միջնորդական դերի հետ կապված սակարկությունները, վստահաբար, առավել առարկայական կդառնան հատկապես ակտիվ ռազմական իրադրության շրջափուլում Իդլիբում կանխատեսվող հումանիտար ճգնաժամի հնարավորության ֆոնին: