Երեկ գիշեր Հալեպում վատ էր վիճակը. երեկ կեսօրին սկսվեցին բախումները, հետո մի փոքր դադարեց, ժողովուրդն ավելի հանգիստ էր, իսկ դրանից հետո վիճակն էլ ավելի վատացավ։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց Գանձասար թերթի թղթակից Նաիրի Կարապետյանը։
«Գիշերը մարդիկ արթուն են անցկացրել։ Առավոտյան վիճակը նույնն է, նոր տեղեկություններ չկան։
Այո, Հալեպում զոհեր կան, այն ընկերությունը, որտեղ ես աշխատում եմ, հրթիռակոծվել է և զոհեր կան։ Սիրիական լրատվամիջոցներն էլ հայտնում են զոհերի ու վիրավորների մասին։
Գիշերը քաղաքի բոլոր հատվածներում էլ լարված է եղել։ Հայաշատ թաղամասը ևս վնասներ է կրել, բայց հայերի շրջանում, փառք Աստծո, վիրավորներ չկան, մինչև այս պահը ապահով են։
Կառավարական շենքերի, դպրոցների գործունեությունը դադարեցված է։ Նույնիսկ օդանավակայանը արդեն երկրորդ օրն է չի գործում, որպեսզի մարդիկ անվտանգությունից ելնելով մնան իրենց տներում»,–ասաց նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ նախօրեին Հալեպ քաղաքում կառավարական զորքերի և քրդերի գլխավորած ուժերի միջև տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվել է առնվազն յոթ մարդ, հիմնականում քաղաքացիական անձինք։
Երկու կողմերն էլ միմյանց են մեղադրում մարտական գործողությունները սկսելու համար։ Մարտյան համաձայնագրի իրականացումը, որը նախատեսում էր կիսաինքնավար քրդական վարչակազմը և զինված ուժերը նոր սիրիական կառավարությանը միավորել, կանգ է առել, և լարվածությունը երբեմն վերածվում է բախումների, մասնավորապես Հալեպում, որն ունի երկու քրդական շրջաններ։
Թուրքիան, որը նոր սիրիական կառավարության մտերիմ դաշնակիցն է և իր սահմանին գտնվող քրդական աշխարհազորայիններին համարում է անվտանգության սպառնալիք, երեքշաբթի օրը պահանջել է, որ բոլոր քրդական զինված խմբավորումները, «ներառյալ Սիրիայում գտնվողները», վայր դնեն զենքերը։
Բախումների ֆոնին Սիրիայի իշխանությունները դադարեցրել են Հալեպի օդանավակայանից և դեպի այնտեղ թռիչքները։



