ՓԱՌՔ ՈՒ ՊԱՏԻՎ ՁԵՐ ՍՈՒՐԲ ԳՈՐԾԻՆ

101 տարի առաջ այս օրերին վճռվում էր Հայաստանի լինել-չլինելու հարցը։ Հայկական զորքերի հրամանատար, գեներալ Թովմաս Նազարբեկյանը պահանջում էր Թիֆլիսի հայոց ազգային խորհրդից շուտափույթ հաշտություն կնքել թուրքերի հետ, ուստի նրա տեղակալ, գնդապետ Աթաբեկ Բեյ-Մամիկոնյանը Դիլիջանում սպաների խորհրդակցություն է հրավիրում եւ ներկայացնում Նազարբեկյանի կարգադրությունը՝ զորքի մի մասը ցրել, մյուս մասը վերածել ոչ մեծ պարտիզանական ջոկատների, իսկ հրետանին տանել Սևան ու թաղել Չիբուխլու գյուղի մոտ:

«Փառք եւ պատիվ հայ արյան,- վկայում է ականատեսը ու շարունակում,- խորհրդակցությանը ներկա սպաներից մեկը՝ հրետանու կապիտան Մոսեսովն (Գուրգեն Տեր-Մովսիսյանցը) այդ պահին անմիջապես ոտքի է կանգնում եւ հայտարարում. «Ես չեմ հնազանդի այդ որոշման։ Դա դավաճանություն է։ Ոչ ոք իրավունք ունի այդպես վարվելու հայոց ճակատագրի հետ։ Ես իմ թնդանոթներով այս իսկ րոպեին կմեկնեմ ճակատը՝ մեռնելու։ Ով տղամարդ է եւ հայու արյուն ունի իր երակներում, թող իմ ետեւից գա»: 

Այս ասելով` կապիտան Մովսիսյանցը լքում է խորհրդակցության սրահը և իր հրետանավորներին պատրաստում Ղարաքիլիսա մեկնելու: Հետո խորհրդակցության սրահը լքում է ճակատամարտերում վիրավորված, պորուչիկ Գարեգին Տեր-Հարությունյանը՝ Նժդեհը: Խորհրդակցության մյուս մասնակիցները ևս դուրս են գալիս շենքից:

Ղարաքիլիսայի ճակատամարտը տևում է 4 օր՝ մայիսի 25-28-ը: Թուրքերի առաջխաղացումը կաշկանդվում է, և նրանց հյուսիսային բանակը զրկվում է Երևանի մոտերքում գտնվող զորքին աջակցության հասնելու հնարավորությունից: Հայերիս հաջողվում է շահել Սարդարապատի ճակատամարտն ու փրկել երկիրը, և երբ օրեր անց Թուրքիան ճանաչում է Հայաստանի Հանրապետությունը, հաշտության պայմանագիրը ստորագրելիս թուրքերն անկեղծորեն խոստովանում են, որ Հայաստանի ճանաչման գործում մեծ դեր է խաղացել Ղարաքիլիսայի ճակատամարտը ևս: 

Կովկասում թուրքական զորքերի հրամանատար Վեհիբ փաշան հետագայում՝ Բաթումի պայմանագրի բանակցությունների ժամանակ, խոստովանեց, որ Ղարաքիլիսայի ճակատամարտը «բացառիկ ճակատամարտ էր այս պատերազմի պատմության մեջ։ Ղարաքիլիսայի մոտ հայերը ցույց տվեցին, որ նրանք կարող են աշխարհի լավագույն զինվորները լինել»։ 

Ղարաքիլիսայի հերոսամարտի շնորհիվ ապահովվեց նաև շուրջ 20 000 գաղթականների անվտանգությունը։
Ղարաքիլիսայի ճակատամարտում աչքի են ընկել գնդապետներ Նիկոլայ Ղորղանյանի, Աթաբեկ Բեյ-Մամիկոնյանի զորամասերը, պորուչիկ Գարեգին Նժդեհը, շտաբի կապիտան, հերոսաբար զոհված Գուրգեն Տեր-Մովսիսյանի հրետանավորները։ Այդ պատերազմին չմասնակցեց Անդրանիկ Օզանյանը, նույն ինքը՝ Զորավար Անդրանիկը։ Ղարաքիլիսայի ճակատամարտին իր մեծ դերն ունեցավ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհ. Թումանյանը։ Նա ասել է. «Եթե պատերազմում մեր լոզունգը լիներ թալանը, գուցե ավելի հաջողութիւն ունենայինք»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել