Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- ալյուր - 500 գր
- կաթ - 320 մլ
- կարագ - 50 գր
- խմորիչ - 1,5 թ/գդ
- շաքարավազ - 1 ճ/գդ
- բուսայուղ - 1 ճ/գդ
- Կարամելի համար՝
- կարագ - 60 գր
- եղեգնաշաքար - 0,5 բաժակ
- մեղր - 2 ճ/գդ
- Լցոնի համար՝
- կարագ - 60 գր
- բուսայուղ - 4 ճ/գդ
- դարչին - 2 թ/գդ
- մշկընկույզ (мускатный орех) - 1 թ/գդ
- կոճապղպեղ (имбирь) - 0,5 թ/գդ
- մեղր - 2 ճ/գդ
Պատրաստման եղանակ
Պատրաստում ենք խմորը: Բոլոր բաղադրիչները լցնում ենք հացթուխ մեքենայի մեջ, միացնում «հիմնական հունցում» ռեժիմը: Եթե հացթուխ մեքենա չունենք, վարվում ենք հետևյալ կերպ.Տարայի մեջ լցնում ենք տաք կաթն ու մեջը լուծում խմորիչը: Ավելացնում ենք շաքարավազն ու մի քիչ թողնում, որ ձուլվի: Ավելացնում ենք ալյուրը, բուսայուղը, սենյակային ջերմաստիճանի կարագն ու խմոր հունցում: Հունցած խմորը սրբիչով ծածկում ենք, տաք տեղում 1-1,5 ժամ թողնում, որ հասունանա:
Այս ընթացքում պատրաստում ենք կարամելը: Կաթսայի կամ թավայի մեջ լցնում ենք կարամելի բաղադրիչներն ու դնում միջին ուժգնության կրակին: Հենց որ զանգվածը սկսում է պղպջել, կրակից վերցնում ենք և լցնում թխվածքի ձևամանի մեջ (զանգվածը կարող է պնդանալ, բայց դա նորմալ է, քանի որ թխելու ընթացքում նորից հալչելու է):
Այստեղ նշենք մի կարևոր քայլ. թխվածքի ձևամանը պետք է լինի ամբողջական (ոչ կոճկվող) և բարձր եզրերով, քանի որ թխելիս կարամելը կարող է դուրս հոսել: Եթե այդպիսին չունեք, ապահովության համար ունեցած ձևամանը դրեք ավելի մեծի մեջ ու այդպես տեղավորեք ջեռոցում:
Պատրաստում ենք լցոնը: Կարագը հալեցնում ենք, ավելացնում բուսայուղը, դարչինը, կոճապղպեղը, մշկընկույզը, մեղրն ու լավ խառնում ենք: Այս զանգվածը պետք է խոհարարական վրձնով քսենք խմորին: Հանգստացած խմորը նորից թեթևակի խառնում ենք ու քառակուսի գրտնակում: Դանակով մոտ 5 սմ լայնությամբ երիզներ ենք կտրում և վրձնով քսում լցոնը:
Խմորի շերտերը պարուրաձև փաթաթում ենք, դնում թխվածքի ձևամանի մեջ՝ սառած կարամելի վրա: Խմորի շերտերը փաթաթում ենք այնպես, որ թխվածքը բարձրանալու տեղ ունենա:
Հավասար լինելու համար պիրոգի երեսը թեթևակի սեղմում ենք և 20 րոպե թողնում տաք տեղում, որպեսզի բարձրանա: Թխում ենք 180 աստիճան տաքացրած ջեռոցում, 25-30 րոպե:
Ջեռոցից հանելուց հետո անմիջապես շրջում ենք ափսեի վրա: Դա պետք է շատ զգուշությամբ անել, քանի որ տակի մասում եղած կարամելը շատ տաք է ու կարող է ձեռքերն այրել: Կարևոր է, որ պիրոգը ձևամանի մեջ չհովանա, այլապես կարամելը կպնդանա, իսկ պիրոգը կկպչի ու կմնա ձևամանի մեջ:
Ահա և վերջ:
Համաձայնեք, որ արժե այսպիսի պիրոգ հյուրասիրել ընկերներին. նրանք հաստատ կգնահատեն Ձեր ջանքերը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել