Երևանից դուրս էի, երբ իմացա, որ տատիկիս ռեանիմացիա են տարել։

Տեսակցության համար նախատեսված ժամը 5-7-ն է։ Հասանք Երևան, շնչակտուր եղած բարձրացանք վերջին հարկ, ի զարմանս ինձ՝ ռեանիմացիայի դուռը բաց էր։ 7-ից 5 պակաս մտել եմ ներս, ընկերս դրսում ինձ սպասեց։

Մտա ներս ու դանիական մտածելակերպիցս ու բուժհաստատությունում աշխատած 10 տարվա փորձից ելնելով՝ խելոք կանգնել, սպասում եմ, թե երբ ինչ-որ մեկը կգա ու կասի, թե ինչ պիտի անեմ ու ուր գնամ։

Աչքի տակով ինձ հարազատ դեզինֆեկցիոն սպիրտի տարաներն եմ ման գալիս, որ իմանամ՝ ոնց ձեռքերս մաքրեմ, ախր հազար ու մի մարդ ա դռան բռնակին կպել (երազի, խուճուճ, երազի)։

Կողքս ինչ-որ խալաթատիպ շորեր էին կախված (դա մենք Դանիայում օգտագործում ենք վարակ ունեցող հիվանդների մոտ մտնելիս, 1 անգամ օգտագործումից հետո թափում ենք) ու լողավազան գնալու համար նախատեսված կոշիկի վրայից հագնելու համար նախատեսված սղլիկ, պլաստիկ կապույտ «կոշիկները», որոնք նույնպես նախատեսված են մեկ անգամ օգտագործելու համար։

Բակտերիան դրանց վրայից առանց սպիրտի չի ոչնչանում։ Եթե հաշվենք, թե օրական դրանցով քանի հոգի է օգտվում, կհասկանանք էդ ամենի անիմաստությունը։ ԱԲՍՈՒՐԴ հիգիենա, level 0:

Էդ մտքերով կանգնած սպասում եմ ու փորձում մի քիչ առաջ գնալ, որ ինձ ՆԿԱՏԵՆ․ ախր ժամանակն անցնում է։ Էդ պահին բուլդոզերային ունակություններով ու տարրական դաստիարակությունից զուրկ բուժաշխատողն առանց բարևելու, պարզելու, թե ով եմ, ինչ եմ ուզում, վրաս սկսեց գոռալ ու խցկվելով իմ կոմֆորտ զոնա (հա, ես Դանիայում ահավոր երկար եմ ապրել)՝ ստիպեց ինձ, որ ես հետ հետ գնամ։

Սա գոռում ա՝ տեսակցությունը 5-7-ը, 5-7-ը, դուրս գնա, 5-7-ը։ Ես պանիկայի մեջ փորձում եմ հաղթահարել իմ բուժաշխատողի չգրված էթիկայի օրենքն ու չկոպտեմ։

Փորձեցի բացատրել, որ վաղուց եմ էստեղ սպասում, որ ինքս էլ եմ բուժաշխատող, դրա համար ներս չեմ մտել առանց իրենց տեսնելու ու պալատներով տատիկիս ման չեմ եկել, որ 96 տարեկան տատիկիս ՊԻՏԻ տեսնեմ, որ Դանիայից եմ եկել։

Բայց իմ տարիքի երիտասարդը միաբերան գոռում էր․ «Տեսակցության՝ ժամը 5-7-ը»։ 
Դեպի դուրս դուռը բացելով՝ ընկերս հայացքիցս հասկացավ, որ խնդիր կա, ու հետո էլի լսվեցին «5-7-ը» բղավոցները։ Շրջվել եմ ու հարցնում եմ՝ հիմա ի՞նչ, ես սրան միջնամատ ցույց չտա՞մ, չհայհոյե՞մ, խելոք դուրս գա՞մ, բայց ախր մենք ժամանակին էինք եկել, ինչի՞ ա սա վրաս գոռում։

Դա ասելուց հետո համոզվեցի, որ գոռացող երիտասարդն ուրիշ արտահայտություն էլ կարող է անել՝ բացի «տեսակցության ժամը՝ 5-7»-ից։

Ինձ նայելով՝ ավելի նյարդայնացած ասաց․ «Չհասկացա, իիիիի»։

Լացս զսպելով դուրս եկա ռեանիմացիայից, որ կռիվ չլինի բուլդոզերի ու ընկերոջս մեջ։

Էլի աչքերով սպիրտ եմ ման գալիս։ 

Անարդարությանը չդիմանալով սկսեցի լացել, դուռը փակվեց զամոկով ( ինչի՞ ա ռեանիմացիայում ամեն ինչ էդքան բարձր արվում)։

Հարցին նորից դանիական տարբերակով փորձեցի լուծում տալ՝ փորձելով գտնել ղեկավարին կամ պատասխանատու ինչ-որ մեկին։

Բուժաշխատողները, ումից ես հարցնում էի, ինձ այլմոլորակայինի տեղ էին դնում ու ասում, որ էս ժամին մարդ չկա, բայց դե գնա ընդունարան, էն ներքևի հարկում։

Ընդունարանը գտա, մտա, ու համակարգչի առաջ աշխատող մարդուն, ով ինձ ընդունեց որպես ՄԱՐԴ, «կոլեգա», պատմեցի իրավիճակը, ներկայացրի, թե ինչ ու ոնց։ Ընթացքում ինչ-որ զանգ եկավ։ Ստեղ ես 2-րդ անգամ խախտում եմ բուժաշխատողի չգրված էթիկայի կանոնները, ինձ դուրս չեն հրավիրում, ինձ մոտ քննարկում են ինչ-որ հիվանդի բուժպատմություն, ու ես մնում եմ սենյակում։ Էդ ընթացքում աչքովս ընկավ «Բողոքների և առաջարկությունների դեպքում խնդրում ենք զանգահարել», տակն էլ՝ տնօրենի ու բուժգծով տեղակալի համարները։

Մինչև «կոլեգաս» խոսում էր հեռախոսով, ես մի քանի անգամ զանգեցի երկուսին էլ։

Էդ ընթացքում «կոլեգաս» վերջացրեց իր խոսակցությունն ու վերադարձավ իմ խնդրին՝ փորձելով ինձ բացատրել, որ սիրուն չի լինի, եթե ինքն էս հարկից խառնվի են հարկի գործերին։ Ինձ համոզեց նորից բարձրանալ ու փորձել, բայց մարդկայինը հաղթեց։ Հասկացավ ու մտավ դրությանս մեջ։ Զանգեց ու պահանջեց, որ ինձ ներս թողնեն։

Կայծակնային արագությամբ վազեցի վերև, դուռը բացվեց, ու տարիքով կին աշխատողն առանց բարևիս պատասխանելու հարցրեց․ «Էդ ո՞վ ա, որ պիտի իրա տատիկին տեսնի»։ Մեղայականով մի քայլ առաջ եկա, ու ինձ ներս թողեցին, արագ ասացին էդ խալաթատիպի հետ մենամարտը․ պարզվեց՝ իրան չեն հագնում, ձևի համար վրան են քցում (ոնց որ են ժամանակ հանրապետականի կամ октябренок-ի զնաչոկը, типо ինքը մեր ձեռի տակով անցել ա. հիգիենա level 0!!!)։ Արագ քայլեցի իրենց հետևից՝ գեստապոյական բոլոր պատվիրանները կատարելով։ Տատիկիս տեսնելիս անտեսանելի արցունքներիս փոխարինեց աչքերիս փայլը, փաթաթվեցի, խոսեցինք, ու շատ արագ էլի դուրս եկա։

Էս ամենը երբ ավարտվեց, ինձ ահավոր վատ էի զգում, նյարդերս, ցավերս ու վիրավորանքս խառնվել էր իրար, կոկորդս խեղդում էր, ու նորից էն բարի «կոլեգաս» հայտնվեց․ «Ստացվե՞ց, տեսա՞ք Ձեր տատիկին»։ Ժպիտն ու հոգատարությունը էնքան հաճելի էին։ Ի դեպ, միակ մարդն էր, ով «Դուք»-ով էր խոսում ու բարևին պատասխանում։

Ես էս պատմության մասին ոչինչ չէի գրի, եթե ուշ գիշերվա ժամին ինձ հաղորդագրություն չգար էն երիտասարդ, անդաստիարակ բուժաշխատողից դրածս ծաղիկների վերաբերյալ։ Գինն էր ճշտում, էլի առանց բարևի։

Հիմա իմ մեջի քրիստոնյան ու հեթանոսը կռիվ են տալիս, չի ստացվում քեզ սիրել, այ իմ մերձավոր, Աստվածաշնչի նկարները թերթած հայ, բայց դե շուն ես, գել ես, իմ հայն ես...

Որոշել եմ, որ գիշերով քեզ չեմ պատասխանի, վաղն էլ ազատ օր ա, ուրբաթ կպատասխանեմ՝ ժամը 5-7-ը։

ՀԳ. Էդ վակցինայի նախարարին էլ մեկդ փոխանցեք, որ պուլպուլակների հայրենիք Հայաստանում եթե մարդ ռեանիմացիայում բարեկամ ունի, ՋՈՒՐԸ շշով դրսից պիտի գնի, բերի, ու բերելուց էլ՝ 2 շիշ, որ մեկը բուժաշխատողները փայ մտնեն, մեկն էլ հիվանդին տան։ Ու ստեղ հարցը ջուրը չէ, այլ երևույթը։ Հիգիենայի մասին դեռ կլռեմ։

Սիրուն չի ու լոգիկայից դուրս ա վակցինա ու քարսիթ նաղդել ազգի վրա՝ անտեսելով կարևորագույն խնդիրները, պարոն նախարար։

Երկար ու բարակ #Խուճուճ_մտքեր

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել