Գոնե իմ տպավորությամբ Հայաստանի և Արցախի ռազմաքաղաքական էլիտաների պատկերացումները մի շարք առանցքային և համազգային նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ էապես տարբեր են: Նրանք տարբեր պատկերացում ունեն պատերազմի և խաղաղության մասին, Արցախի հակամարտության կարգավորման հնարավորությունների և հեռանկարների, ինչպես նաև տարածաշրջանում Հայաստանի ռազմաքաղաքական դասավորվածության ու դերի վերաբերյալ:
Եվ այդ տարբերությունը բնական է: Հայաստանում իշխանության է եկել մի վերնախավ, որն օբյեկտիվորեն չի մասնակցել Արցախյան պատերազմին: Այդ վերնախավի հիմքում կանգնած չէ զինվորական էլիտան, և այդ վերնախավն ունի իր ուրույն պատկերացումները իշխանության, հասարակության, պետության, ինչպես նաև բանակի մասին: Ճիշտ հակառակ պատկերն է Արցախում:
Արցախի ռազմաքաղաքական էլիտան հիմնականում անցել է պատերազմի միջով: Այդ էլիտայի կորիզը կազմում են մարտական գեներալները, ովքեր պատերազմի ժամանակ վճռորոշ դերակատարություն են ունեցել պատերազմի հաղթական արդյունքի արձանագրման գործում:
… Մեկ տարի անց Արցախում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ: Բնական է, որ այն չի կարող դուրս մնալ Հայաստանի ուշադրությունից, քանի որ իսկապես էական է, թե ինչպիսի իշխանություն կձևավորվի Արցախում և ինչպիսի ընտրություն կանեն Արցախի մեր հայրենակիցները:
Շատ էական նշանակություն է ունենալու այն հանգամանքը, թե արդյո՞ք առաջիկա տարիների ընթացքում զինվորական էլիտան կշարունակի վճռորոշ դերակատարություն ունենալ Արցախի կառավարման գործընթացում, թե՞, այնուամենայնիվ, Արցախում իշխանության կգան մարդիկ, որոնց պատկերացումները համահունչ կլինեն Հայաստանի ռազմաքաղաքական էլիտայի պատկերացումների հետ:
Կապրենք, կտեսնենք: