Ս․թ․ ապրիլի 24-25-ին Սիրիայի քրդաբնակ շրջանները փաստացի վերահսկող, ԱՄՆ-ի աջակցությունը վայելող «Սիրիայի ժողովրդավարական ուժերին» (ՍԺՈՒ) պատկանող լրատվամիջոցները տարածել են տեղեկատվություն, տեսանյութ նշված կառույցի ներսում «Հայկական գումարտակի» ձևավորման մասին։ Այս տեղեկատվության տարածումն ընդգծված քարոզչական նպատակով զուգորդվել է հայկական տարաբնույթ խորհրդանշական տարրերով․ պաշտոնական հայտարարությունը տեղի է ունեցել հայկական եկեղեցում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցի օրը, կիրառվել են ՀՀ դրոշը, հայ ազգային հերոսների, PKK-ի առաջնորդների դիմանկարներ, անուններ, հնչել են սիրիահայությանն ընդհանրական առումով վտանգող, տարբեր ուղղություններից թիրախավորող ապակառուցողական ուղերձներ։
Թեմայի առնչությամբ, մեր կողմից համակողմանիորեն ստուգված և հաստատված տեղեկատվության համաձայն, հարկ է ամրագրել հետևյալ մի քանի հանգամանքներ․
1. Նախ և առաջ՝ որևէ կերպ խոսք չի կարող լինել առավել ընդգծված ազգային պատկանելություն ցույց տվող և անդամների մեծ քանակություն ենթադրող «Հայկական գումարտակ», գունդ, արտահայտությունների մասին, քանի որ նշված արհեստական խմբավորումը չունի համայնքային և եկեղեցական որևէ կառույցի աջակցություն։ Այն իրենից ներկայացնում է ընդամենը ՍԺՈՒ-ի կազմում անցած մի քանի տարիների ընթացքում հանդես եկած խիստ սահմանափակ թվով հայերի արհեստական համախմբում 1 միավորի ներքո։
2. Հաշվի առնելով նշված միավորի ակնհայտ հակահայկական և վտանգավոր բնույթը՝ մեծ հավանականությամբ, քրդերը դրա ձևավորմանը հասել են իրենց կողմից վերահսկվող ալ-Հասաքա, ալ-Կամիշլի և Դեյր Զոր շրջաններում ընդհանուր 3000-ից մի քիչ ավել թվով հայ ազգաբնակչության անվտանգության թեման շահարկելու միջոցով։
3. Նման միավորման միջոցով քրդերը փաստացի երկակի կիրառման քարոզչական խաղաքարտ են ձեռք բերում մի կողմից Բաշար ալ-Ասադի վարչակարգի հետ ընթացող անհարթ սակարկություններում, մյուս կողմից՝ Թուրքիայի ագրեսիվ նկրտումների դեմ հնարավոր դիմակայության համատեքստում։
4. Այս տեղեկատվությունը՝ որպես պարարտ հող, Սիրիայում Թուրքիայի հակահայկական ծրագրերի իրականացման համար լայնորեն օգտագործվել է թուրքական բազմաթիվ լրատվամիջոցների կողմից տարաբնույթ հակահայկական հավելումներով՝ ընդհուպ մինչև նշված միավորմանը «ահաբեկչական կառույց» բնորոշելու առումով։
5. Վերջին շրջանում հայկական թեմատիկայով քրդական քարոզչամեքենայի տարածած ապատեղեկատվությունը պարբերական բնույթ է կրում։
Ի՞նչ վտանգներով են հղի այսօրինակ նախաձեռնությունները․
1. Դրանք սեպ են խրում նախ և առաջ սիրիահայ համայնքի տարբեր հատվածների միջև, վտանգում են նրա անվտանգությունը՝ արհեստականորեն ստվերելով «դրական չեզոքության» դիրքորոշումը, որը սիրիական հակամարտության ողջ ընթացքում փաստացի զերծ է պահել համայնքին ուղղակի թիրախավորումից։
2. Նպատակ են հետապնդում խնդիրներ հրահրել սիրիահայ համայնքի և Բաշար ալ-Ասադի վարչակարգի միջև առկա բավական բարձր մակարդակի հարաբերություններում։
3. Նպաստում են թուրքական քարոզչամեքենայի այն թեզին, համաձայն որի՝ հայկական կողմը լայնորեն աջակցում է հակաթուրքական «ահաբեկչական պայքարին»՝ դրանով իսկ ուղղակիորեն թիրախավորելով սիրիահայ համայնքին ԹՀ ԶՈՒ-ի կամ թուրքամետ զինված խմբավորումների կողմից։
4. Հաշվի առնելով Սիրիայում հայկական հումանիտար առաքելության գործունեությունը՝ ստեղծում են արհեստական վտանգ Հայաստանին սիրիական հակամարտության ռազմական բաղադրիչին ուղղակիորեն ներքաշելու առումով։
ՀԳ․ Հույժ կարևոր է, որ հայկական լրատվամիջոցները լրջությամբ և պատասխանատվությամբ մոտենան այս զգայուն թեմայի լուսաբանմանը։ Անհրաժեշտ է, որ ՀՀ համապատասխան մարմինները կանխարգելիչ գործողություններ ձեռնարկեն վերոնշյալ նաև դրան ածանցյալ այլ հնարավոր խնդիրներին բոլոր հարթություններում դիմագրավելու նպատակով։