Իրանն ապացույցներ ունի, որ Սիրիայում նախագահ Բաշար ալ Ասադի վարչակարգի տապալումն ԱՄՆ-ի, Իսրայելի և Սիրիայի հարևան մեկ այլ երկրի ծրագրի հետևանք է. նման պնդմամբ է հանդես եկել Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին, գրում է Mehr գործակալությունը:

«Սիրիայում տեղի ունեցածն ամերիկյան և սիոնիստական համատեղ ծրագրի հետևանք է: Սիրիայի հարևան մեկ այն երկիր հստակ դերակատարում է ունեցել այս հարցում և շարունակում է ունենալ. սա ակնհայտ է բոլորի համար, բայց հիմնականը դավադիրը, գլխավոր ծրագրավորողը ԱՄՆ-ն և սիոնիստական ռեժիմն են: Մենք ապացույցներ ունենք, որոնք կասկածի տեղիք չեն տալիս», - ասել է Իրանի գերագույն առաջնորդը:

Նոյեմբերի վերջին Սիրիայում իսլամիստական խմբավորումների կոալիցիան հարձակում է սկսել կառավարության կողմից վերահսկվող տարածքների վրա։ Նոյեմբերի 30-ին իսլամիստները գրավել են Հալեպը, իսկ դեկտեմբերի սկզբին՝ Համան և Հոմսը։ Դեկտեմբերի 8-ին հակակառավարական զորքերը մտել են Դամասկոս և հայտարարել Բաշար ալ Ասադի վարչակարգը տապալելու մասին։

Ինչպես այն ժամանակ հայտնել էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը, Սիրիայի առաջնորդը բանակցություններ է վարել իսլամիստների հետ, հրաժարական է տվել և լքել երկիրը։ Այնուամենայնիվ, իսլամիստները հայտարարել են 10 միլիոն դոլարի պարգևատրություն այն տեղեկատվության համար, որը կօգնի ձերբակալել նախկին նախագահին։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Բաշար ալ Ասադն ընտանիքի հետ ժամանել է Ռուսաստան, որտեղ նրան ապաստան են տվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել