Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից հետո շատ հավանական է, որ արտգործնախարարների հաջորդ հանդիպումը ԱՄՆ-ի առաջարկով տեղի ունենա Վաշինգտոնում։ Միջնորդ երկրները փորձում են վստահության մթնոլորտ ստեղծել հակամարտության կողմերի միջև, և Մոսկվայի միջնորդությունից հետո այդ նախաձեռնությունը, ամենայն հավանականությամբ, անցնելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահող երկրին՝ ԱՄՆ-ին։
Չնայած որ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները հումանիտար ոլորտում որոշ քայլեր մշակելու շուրջ նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերել, որով նպատակ են հետապնդում թուլացնել առկա լարվածությունը, Ադրբեջանը շարունակում է սաստկացնել իր հակահայկական քարոզչությունը։
Իսկ մյուս կողմից ադրբեջանական կողմը փորձում է իմիտացիա ստեղծել, թե իրենք պատրաստ են հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Պատահական չէ, որ Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Օքթայ Ասադովը հորդորել է պատգամավորներին ձեռնպահ մնալ ռազմական ճանապարհով ղարաբաղյան հակամարտության լուծման վերաբերյալ կոչերից: Նա նշել է, թե պատգամավորները պետք է շատ «զգույշ լինեն այս թեմայի շուրջ»:
Իրականում Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Օքթայ Ասադովի հորդորը պետք է ուղղվեր ոչ թե պատգամավորներին, այլ երկրի ղեկավարին, ով իր իշխանության պահպանության համար կիրառում է հակահայկական քարոզչության և պատերազմական հռետորաբանության գործիքները։