Լսելով բոլոր դեպքերում վարչապետամետ դարձած քաղաքական մեկնաբաններին՝ սկսում եմ կասկածել, որ ես ու այդ մարդիկ տարբեր իրողություններում ենք ապրում։ Մածունը մեկս սպիտակ է տեսնում, մյուսը՝ սև։
Օրինակ՝ Հակոբ Բադալյանը «Ազատությունով» ուրախ-զվարթ մեր ուշադրությունն է հրավիրում վարչապետի արտահայտած այն մտքին, որով նա ԵԽԽՎ֊ում իր զարմանքն էր հայտնել, թե «ինչպե՞ս արցախցին կարող է զավթել այն հողը, որտեղ ինքը ծնվել է, որտեղ թաղված են իր պապերը»։

Հարգելիներս, իսկ ո՞վ է արցախցուն մեղադրում իր ծննդավայրը գրավելու համար։ Նախ՝ Բաքվի մեղադրանքները Հայաստանին են միշտ ուղղված, այլ ոչ արցախցիներին, ու դրանք գործածվում են Ադրբեջանի իբր սուվերեն տարածքը գրավելու առումով։ 

Եվ երկրորդն ու գլխավորը՝ «գրավյալ տարածք» արտահայտությունն ավելի շատ գործածում են միջնորդները և այն շրջանների մասին, որոնք 1992թ․ նախօրյակին հայերով բնակեցված չեն եղել, որոնց բնակիչները պատերազմի արդյունքում, թողնելով իրենց տները և ծնողների գերեզմանները, հեռացել են։ Այս դեպքում կապ չունի, թե ով է գրավել՝ արցախցինե՞րը, թե՞ Հայաստանը, բայց հաստատ գրավել են մի տարածք, որտեղ իրենց պապերը գերեզմաններ չունեն։

Հիմա ասեք խնդրեմ, բանակցությունների գլխավոր հարցի՝ ազատագրված շրջանների հանձնման պահանջի համատեքստում վարչապետի գերեզմանների փաստարկն ո՞ւմ օգտին էր։

Տղերք, եթե իրոք լուրջ քաղաքագետ եք, և այդքան վարչապետամետ եք, գնացեք, բացատրեք նրան, որ սայթաքել է, որ մյուս անգամ նման բան չասի։ Նաև մտածեք, փորձեք, թե ինչպես պետք է այդ միտքը սրբագրվի, որպեսզի մարդիկ հանկարծ չեզրակացնեն, թե այս կառավարության մտքին էլ միայն ԼՂԻՄ-ն է, ու Բաքվից միայն նախկին ինքնավարության անկախությունը ճանաչելու դիմաց նա էլ է պատրաստ 5-7 շրջան հանձնել։ Առանց այդ էլ կասկածելի հայտարարություններն ու Արցախը Հայաստանից անջատ ներկայացնելու ԼՏՊ-ական մոլուցքն այդ ուղղությամբ կասկածները խորացնում են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել