ԵԽԽՎ-ում և Եվրոպայի խորհրդի նախագահ Թորբյորն Յագլանդի հետ համատեղ մամլո ասուլիսում ՀՀ վարչապետն անդրադարձավ Արցախյան հակամարտությանը՝ հիմնականում խոսելով խաղաղության օրակարգի, ժողովուրդներին խաղաղության պատրաստելու կարևորության մասին և Բաքվին առաջարկեց հրաժարվել սպառնալիքների լեզվից:
Բաքվի պատասխանը չուշացավ։ Ադրբեջանը ԱԳՆ-ի մակարդակով արձագանքեց Փաշինյանի ելույթին՝ խորհուրդ տալով Փաշինյանին ծանոթանալ ԵԱՀԿ-ի 1975-ի Հելսինկյան եզրափակիչ ակտին, մասնավորապես՝ «ուժի չկիրառման և ուժի կիրառման սպառնալիքից հրաժարվելու» սկզբունքին: Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին շեշտեց այս տարիների ընթացքում արդեն անգիր արված այն ֆրազը, թե Հայաստանի զինված ուժերը պետք է դուրս գան Ղարաբաղից «տարածաշրջանում անվտանգության ապահովման համար»:
Արցախյան հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը հուշում է, որ Ադրբեջանը այդպես էլ կառուցողական դաշտ չի գալիս և փորձում է խնդրը տանել դեպի ուժային լուծում։ Այս պայմաններում ավելի նպատակահարմար է, որ հայկական կողմը ոչ այնքան շեշտը դնի խաղաղության օրագարգի ձևավորման վրա, որքան որ անցնի ուժերի ցուցադրության, քանի որ Ադրբեջանը միայն ուժի լեզուն է հասկանում։