Սիրիայում թիրախավորելով ԻՀՊԿ հենակետերը` Իսրայելի ռազմական ավիացիայի գործողությունները կարելի է որակել կանխարգելիչ։ Հասկանալի էր, որ Թրամփի կողմից Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի սուվերենության ճանաչման որոշումը կոշտացնելու էր Սիրիայից իրանական հնարավոր ռազմական արձագանքը։ Այդ տակտիկան չափազանց կարևոր էր Նեթանյահուի համար` երկրում նախատեսվող խորհրդարանական ընտրությունների նախօրեին իր ռազմաքաղաքական դիրքերը ապահովագրելու համար։ Միևնույն ժամանակ, սակայն, չի բացառվում, որ Սիրիայի կառավարական և երկրում գործող ազդեցիկ իրանական ռազմական ուժերն ավելի հեռու գնան, այն է` շարունակելով հրթիռակոծել Իսրայելի տարածքը՝ թուլացնեն Նեթանյահուի հանրային աջակցությունը և որոշակիորեն ազդեն նաև խորհրդարանական ընտրությունների ընթացքի վրա։ Ըստ էության, Նեթանյահուն կփորձի գնալ բլից-կրիգային ավիահարվածներով սահմանափակ գործողությունների ճանապարհով։ Սիրիայի տարածքից Հեզբոլլահի և ԻՀՊԿ մարտավարությունը կընթանա ժամանակ առ ժամանակ չափավոր հրթիռակոծություններով լարվածությունը թեժ պահելու ճանապարհով` ընդհուպ մինչև Իսրայելի խորհդարանական ընտրությունները։ Եթե Նեթանյահուն չկարողանա գալ երկխոսության ժամանակավոր հրադադարի վերաբերյալ, ապա Հեզբոլլահի ու ԻՀՊԿ համար ձեռնտու է իրավիճակը թեժացնել նաև ընտրությունների ընթացքում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: