Դիզայներ Մանուկ Ալեքսանյանը տարին երկու անգամ ցուցադրություն է անում: Չնայած ցուցադրությունը մեծ գումարների հետ է կապված, բայց Մանուկն իր հաճախորդներին չի զրկում գեղեցիկ երեկո վայելելու հնարավորությունից: Ցուցադրությանը ներկա էին հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչները, դիզայներները, բիզնես ոլորտի կանայք, ինչպես նաև Fashion Blogger-ները: BlogNews.am-ը ներկայացում է երեկոյի հետաքրքիր դրվագները։
Այս անգամ ցուցադրության վայրն ընտրվել էր Առնո Բաբաջանյանի համերգասրահը. մարմարյա սրահում քայլող մոդելները փոխանցում էին դիզայների՝ մեկ ամսվա ընթացքում կատարած աշխատանքը:
«Այս հավաքածուն նվիրված է ուժեղ կանանց, իսկ մուսաները Սոֆի Դևոյանը և Լուիզա Ներսիսյանն են` կանայք, ովքեր ներդրում ունեն հայկական արվեստում և շոու բիզնեսում: Ռոմանտիկ հավաքածու է ստացվել` սև, արծաթագույն և ռոքային էլեմենտներով: Բոլորը գիտեն, որ իմ հաճախորդները շատ տարբեր են, և որ իմ զգեստները բոլորի համար չեն, որովհետև սեքսուալ են և երբեմն՝ նաև անհարմար»,- նշում է Մանուկը։
Առանձնահատուկ հիացմունքի արժանացավ Սոֆի Դևոյանը, ում նրբագեղությամբ, կեցվածքով հիացած էին ներկաները:
Նշենք, որ մոդելները կրում էին WhiteStone Design ապրանքանիշի աքսեսուարներ: Ինչպես Նելլին նշեց, Մանուկի հետ առաջին անգամ էին համագործակցում․ «Բավականին շատ նախագծեր ենք ունեցել այս տարի և հիմա մեծ պլաններ ունենք հետագայի հետ կապված: Աշխատում ենք այնպես անել, որպեսզի յուրաքանչյուրն իրեն համապաստախան աքսեսուար գտնի մեզ մոտ: Այս դեպքում Մանուկն իր հավաքածուի համար ուզում էր քարերով և մեծ ականջօղեր»:
Նյութը` Սիրանուշ Գրիգորյանի
Լուսանկարները` Էլեն Գասպարյանի