Դեկտեմբերի 10-ին կայացավ դիզայներ Քրիստինե Գրիգորյանի Kwisty նորաձևության շոուն, որի ժամանակ պոդյումում ոչ միայն պրոֆեսիոնալ մոդելներ էին, այլև հայտնի մարդիկ՝ իրենց երեխաների հետ՝ դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը՝ որդու հետ, դերասանուհի Սաթենիկ Հազարյանը՝ դստեր հետ, դերասան Սուրեն Առուստամյանը, «Միսս Հայաստան 2000» Իրինա Թովմասյանի դուստրը՝ Մեգին։
Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն առաջին անգամ էր ներկայանում նորաձևության ոլորտում։ Դերասանուհին բեմում ավագ որդու՝ Հայկի հետ էր, իսկ ամուսինն առաջին շարքից հետևում էր նրանց բեմելին։
Նրանց հետ բեմում էին նաև Գավառի մանկատան այն սաները, որոնք երազում են մոդելային կարիերայի մասին և հնարավորություն ստացան իրականացնելու իրենց երազանքը։ Ամանորին ընդառաջ Քրիստինեն իր հեղինակած ձմեռային հավաքածուի օրինակները նվիրեց Գավառի մանկատան սաներին։
«Մանկատան սաներն առանձին չեն բարձրանում բեմ, որպեսզի չառանձնանան որևէ մեկից։ Շոուն դիտելիս որևէ մեկը չի կարող տարբերել մանկատան երեխաներին մյուս մոդելներից, ինչն ինձ շատ կարևոր է»,– ասաց Քրիստինեն։
«Չնայած Հայաստանում ավելի ու ավելի քիչ են կազմակերպվում նորաձևության շոուներ՝ պայմանավորված երկրում տիրող իրավիճակով, սոցիալ–տնտեսական պայմաններով՝ մենք կարևորում ենք տարին 2 անգամ նմանատիպ շոու կազմակերպելը, որպեսզի Հայաստանում նորաձևության ոլորտը զարգանա»,– ասաց Քրիստինեն։
Միլանում մասնագիտական կրթություն ստացած դիզայները հավաքածուն ստեղծել է մոտ կես տարում, քանի որ նախորդ ցուցադրությունը մայիսին էր։ Նա ներկայացրեց 3 հավաքածու՝ Ձմեռային, Ատլասե և «Հայկական հոգի»։ Վերջինը ցուցադրվել է Մոսկվայում և մեծ վաճառք ունեցել։ Այդ հավաքածուից պահպանված նմուշները Քրիստինեն ցուցադրեց նաև այս երեկոյի ընթացքում։
«Հայկական զարդանախշեր շատ եմ օգտագործում մոդեռն տարբերակով։ «Հայկական հոգու» հագուստները տարազային են, բայց նորաձև։ Այս հավաքածուից մնացած նմուշներն այլևս չեմ ուզում վաճառել, քանի որ ոգեշնչման աղբյուր են։ Դերասան Սուրեն Առուստամյանն այդ թեմայով վիճում է ինձ հետ, բայց ես նույնիսկ տխրում եմ, երբ այդ հավաքածուից վաճառք է լինու,– ասաց Քրիստինան ու հավելեց, որ իր բոլոր հագուստներիս վրա ասեղնագործված է Հայաստանի դրոշը։ «Ես ուզում եմ, որպեսզի հայկական բրենդը տարածվի աշխարհում»,– նշեց նա։
Երեկոն վարում էր դերասանուհի Սաթենիկ Հազարյանը։ Երաժշտական մասն ապահովեցին Սոնան, Կարինե Առուստամյանը, Լիդուշիկը։ Երեկոյի հյուրերի թվում էին Խորեն Լևոնյանը, Նաիրա Մովսիսյանը, Լուիզա Ներսիսյանը, Ռաֆայել Երանոսյանը, Լուիզա Ղամբարյանը, Մերի Մարտիրոսյանը և այլ հայտնի մարդիկ։
Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան