«Երկինք», «Ծնունդ», «Մկրտրություն», «Օրհնություն» «Մեղսագործություն»,«Ցավ»,«Կորոստ», «Դատարկություն». Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ահա այս խորագրերը կրող սրահներում էլ կայացավ «H2Օ Emotional Exposition» ինտերակտիվ ցուցադրությունը: Ցուցադրության հեղինակը Արևիկ Սիմոնյանի «Kivera Naynomis» հայտնի բրենդն է, որը հերթական անգամ զարմացրեց ու հիացրեց նորաձևության սիրահարներին անսպասելի ու յուրօրինակ լուծումներով:
Դիզայները նշեց, որ իր գլխավոր նպատակն է զարգացնել հայկական մշակույթն ու քարոզել այն գաղափարը, որ մենք հայ ենք, միշտ պայքարելու ենք ու լինելու ենք, ունենք գեղեցիկ մշակույթ, որը պետք է ցույց տալ ամբողջ աշխարհին:
«Պատերազմը մեծ հետք է թողել իմ մեջ: Դա մեծ ցավ էր: Ես ցանկանում էի ցույց տալ, որ յուրաքանչյուր ցավ, որը կապված է կորստի հետ, տանում է քեզնից ինչ-որ բան»,-ասում է Արևիկը:
Ցուցադրությունը կներկայացվի նաև Ռուսաստանում, ԱՄՆ-ում և եվրոպոկան մի քանի երկրներում:
«Արունիկ» ֆոնդի հիմնադիր Արուսյակ Ստեփանյանը, ով գաղափարի կյանքի կոչմանն իր անմիջական մասնակցությունն է ունեցել, բացատրում է, թե ինչու ցուցադրության համար ընտրվեց հենց «H2Օ» խորագիրը. «Հագուստների համար ընտրվել են կապույտ ու սպիտակ գույները, քանի որ մեր օրգանիզմի մեծ մասը բաղկացած է ջրից, պատերազմից հետ ունեցել ենք արցունքներ ու այդ բոլորը կրկին ջուր է»:
Արուսյակ Ստեփանյանը նաև հավելեց, որ իրենց գլխավոր գաղափարը հոգևոր աշխարհի ու գեղեցկության, հագուստի հետ միավորումն էր:
Ի տարբերություն Kivera Naynomis բրենդի նախորդ ցուցադրությունների, H2O-ի պարագայում հագուստը չէին ցուցադրում մոդելները, դրանք ցուցադրված էին մանեկենների վրա:
«Առաջին սենյակը երկինքն է, որովհետև մենք ծնվել ենք երկնքից, իսկ մարդը, ի վերջո, դատարկվում ու լքում է իր մարմինը, դրա համար մոդելները ներկայացվել են մանեկենների վրա»,-պարզաբանեց Արուսյակը:
«Սա ուղղակի հրաշք էր, աղոթքների ուղեկցությամբ մտնել ցուցադրության սրահ, իսկապես, հրաշալի էր»,- ասում է «The Muse» նորաձևության ստուդիայի հիմնադիր Մանե Խաչատրյանը և հավելում, որ առանձնահատկությունը ցուցադրության մեջ ապաշխարության գաղափարն էր, հոգևոր սնունդը, որը մատուցվեց ցուցադրության հետ համատեղ:
«Ատեքս» նորաձևության կենտրոնի տնօրեն Կարինե Դնոյանը գաղափարը համարեց շատ հետաքրքիր ու տարբերվող ու ասաց. «Նախ միտքն է հետաքրքիր, և այն ցույց է տալիս, որր դիզայնը ուղղակի շորիկներ չեն, այլ դիզայների մի ամբողջ աշխարհ, որն արտահայտվում է տարբեր ձևերով: 7 սենյակների գաղափարը, անտուրաժը, մտահղացումը ամբողջականացրեց ցուցադրությունը: Ամեն դիզայներ, նույնիսկ մի հագուստ ստեղծելով, պետք է պատմություն ունենա, սրանք իսկապես արվեստի գործեր էին՝ և՛ հագուստները, և՛ մատուցման ձևը»:
Հիշեցնենք, որ անցյալ տարի էլ կայացել էր Արևիկ Սիմոնյանի «Վերածնունդ» հավաքածուի շնորհանդեսը՝ Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանում: Հեղինակն այս հավաքածուում ընդգծել էր հայ ազգի ապրումներն ու հույզերը՝ վստահ լինելով, որ վերածնունդ լինելու է»:
Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան