Այս օրերին Մերձավոր Արևելքում հետաքրքիր միջազգային զարգացումներ են տեղի ունենում: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների համար եկել է ժամանակը Գոլանի բարձրունքները ճանաչել Իսրայելի մաս: Նշենք, որ Գոլանի բարձրունքները Իսրայելը Սիրիայից գրավել է դեռևս 1967 թ. հունիսին Վեցօրյա պատերազմի ընթացքում, և ԱՄՆ նախագահի կողմից այս շրջանը որպես Իսրայելի մաս ճանաչելը ենթադրում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից այս խնդրի շուրջ 1967թ․-ից ի վեր ընդունված մի քանի բանաձևերի անտեսում։
Փաստորեն, ԱՄՆ-ն, լինելով ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամ, հարկ չի համարում հետևել այդ խորհրդի որոշումներին, և այս հանգամանքը ուշագրավ է այն կոնտեքստում, որ Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի շրջանակներում Ադրբեջանը պատեհ-անպատեհ ցիտում է հակամարտության շուրջ ՄԱԿ-ի ԱԽ ինչ-որ բանաձևերի:
Գոլանի բարձրունքների շուրջ տեղի ունեցող զարգացումներից Ադրբեջանը պետք է հետևություներ անի, որ ՄԱԿ-ի բանաձևերը կորցրել են իրենց նշանակությունը, իսկ Արցախի մասով ՄԱԿ ԱԽ բանաձերը որևէ կարևորություն չեն ներկայացնում, քանի որ հիմնախնդիրը կարգավորվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդական առաքելության ջանքերի ներքո: Աշխարհն այսօր շարժվում է ինքնորոշման իրավունքի պաշտպանության ուղղությամբ, որի վառ օրինակներից են Էրիթրեայի, Արևելյան Թիմորի, Կոսովոյի անկախացումը, և Ադրբեջանը մի օր պարտադրված է լինելու ճանաչելու Արցախի անկախությունը: