Երեկ Սամվել Բաբայանի մի քանի հարցազրույցներն էի նայում Արցախի խնդրի հետ կապված: Բնականաբար, էդ ողջ բովանդակությունից շատերի մոտ միայն մնացել է «Արցախին ռուսական մանդատ տալու» աբսուրդ պնդումը, բայց հավատացեք, էդ աբսուրդ մտքից անդին բավականին կարևոր նկատառումներ կային Բաբայանի խոսքում: 

Սամվել Բաբայանը, լինելով զինվորական, շատ հեռու է դիվանագիտական հմտություններից և երեկ շատ մատչելի ու բաց տեքստով ասաց այն, ինչ ես մեկ էլ լսել էի Արցախյան հակամարտության գիտակներից: Բաբայանը շատ տրամաբանական հարց է առաջ քաշում․ լավ, եթե, այնուամենայնիվ, համաձայնում ենք Մադրիդյան սկզբունքներում առկա կետերի հետ, և բոլոր ադրբեջանցի փախստականները վերադառնում են իրենց նախկին բնակավայրեր, ի՞նչ ենք անելու հանրաքվեի ժամանակ: Ամենակարևոր հարցն է սա թերևս, քանի որ, օրինակ, Շուշիի շրջանում, Բերձորում (Լաչին) ադրբեջանցի բնակչությունը կազմել է 95 տոկոս, և հատկապես Շուշին ամենամեծ բնակչության թիվն ունեցող շրջաններից է: 

Մյուս կարևոր դիտարկումը. ինչպիսի՞ իրավիճակ ենք ունենալու, եթե հանձնում ենք Քարվաճառը (Քելբաջարը) կամ Աղդամը: Եվ այս ամենի կենտրոնական, կարևորագույն հարցը` արդյո՞ք Ալիևը համաձայն է այս սկզբունքների տրամաբանության հետ անգամ այն պարագայում, երբ դրանց իրականացման պարագայում Արցախն այլևս դժվար հայկական մնա: Վստահ եմ, որ Ալիևի ասած «Երևանն ադրբեջանական տարածք է» բառակապակցությունը գոնե իր համար ավելի արմատական նշանակություն ունի, քան մենք պատկերացնում ենք: 

Այս փաստերի համակցությունից տրամաբանորեն հետևում է, որ անգամ եթե Հայաստանում ներկայիս «լուլու» իշխանությունը չլիներ/չլինի, միևնույն է, Արցախի հարցն այս փուլում բանակցային լուծում չէր ունենալու, իսկ ուժայինին պետք է պատրաստ լինել ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե: 

ՀԳ. Նաև այս ամենի գիտակցումն է, որ ստիպում է ինձ հազարապատիկ անգամ ավելի վստահ լինել, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն իր բանակից խուսափած անդամների գերդոզավորմամբ ՓՈՐՁԱՆՔ է` Հայաստանի գլխին կախված:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել