ԵՐԵՎԱՆ — Ավտոբուսներում տեսախցիկներ տեղադրելու քաղաքապետարանի նախաձեռնությունը դարձել է երթուղիներում գործող ջեբկիրների դժգոհության մեծ ալիքի պատճառ։
Ջեբկիրների կարծիքով՝ աշխատանքային ժամերին իրենց նկարահանելը ոչ միայն Սահմանադրության կոպտագույն ոտնահարում է, այլև անձնական կյանք ներխուժելու անթույլատրելի միջոց։ «Լկտիություն է։ Մեզ նման խոցելի խավի առանց այդ էլ ծանր աշխատանքն էլ ավելի են ուզում բարդացնել։ Երևի գիտեն՝ միլիոններ ենք աշխատում, մինչդեռ ժողովրդի գրպանում փող չկա երբեմն անգամ նախքան մեզ հետ հանդիպելը»,- նշում է 30 տարվա փորձ ունեցող ջեբկիր Լիպարիտ Մաթևոսյանը։ Նա շեշտեց, որ ջեբկիրներից շատերը մի քանի ամիս առաջ էին համաներմամբ դուրս եկել բանտից, ու մանր ավտոբուսային ջեբկիրությունը շատերի համար հասարակություն ինտեգրվելու միակ տարբերակն էր։ «Մենք լիովին միանում ենք Երևանի «Ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերության 250-ից ավելի վարորդներին, ովքեր ուզում են ծխել, երբեմն թեթևակի հայհոյել աշխատանքի ժամանակ ու անընդհատ չզգալ «մեծ եղբոր» հայացքը։ Դե տեսնենք, թե ինչպես կաշխատեք գործադուլի պայմաններում»,- հավելեց նա։