Խորհրդարանում այսօր իրանական թեմայով տեղի ունեցած փոթորկից հետո իմ ուշադրությունը սևեռվեց այն հանգամանքի վրա, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո հայ-իրանական բարձր մակարդակի հանդիպումներ, ըստ էության, տեղի չեն ունեցել:
Այնպիսի տպավորություն է, որ հայ-իրանական ներկայիս հարաբերություններում տիրում է զգուշավորության մթնոլորտ և մեկը մյուսին ստուգելու գործընթաց:
Անցած ութ ամիսների ընթացքում արդյո՞ք հայ-իրանական հարաբերություններում որևէ հարցի ճշգրտման կամ պարզաբանման անհրաժեշտություն չի եղել, կամ արյդո՞ք հարևան երկրների ղեկավարների հանդիպման խնդիր չի ծագել թեկուզ միայն ծանոթության և նոր որակի հարաբերությունների մեկնարկի համար:
Այս ամենի ֆոնին հարց է առաջանում. նոր իշխանությունների համար արդյո՞ք գոյություն ունի հայ-իրանական որևէ օրակարգ, թե՞ ոչ։ Եթե այո, ապա ո՞րն է այդ օրակարգը:
Որևէ մեկի համար որևէ կասկած չկա, որ Իրանը շատ կարևոր պետություն է Հայաստանի համար, և նրա հետ ունեցած ջերմ ու բարեկամական հարաբերությունները բխում են առաջին հերթին Հայաստանի պետական շահերից,
ուստի այսօրվա խորհրդարանական փոթորկի համատեքստում ակնհայտ է դառնում, որ հնարավորինս արագ անհրաժեշտ է վերբեռնել հայ-իրանական հարաբերությունները՝ դրանք համապատասխանեցնելով հարևան ու բարեկամ երկու պետությունների փոխադարձ շահերին:
Այս խնդիրը լուծելու, ինչպես նաև Իրանի ուղղությամբ այսօր ուղարկված ոչ հաճելի ուղերձները շրջանցելու համար ցանկալի կլիներ, որ Հայաստանի նոր իշխանությունները հնարավորինս արագ նախաձեռնեին ու կազմակերպեին հայ-իրանական ամենաբարձր մակարդակի հանդիպում...