Վարչապետ Ն. Փաշինյանի երեկվա կրեմլյան այցից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից այսօր Ռոբերտ Քոչարյանին Նոր տարվա և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ ջերմորեն շնորհավորելն իսկապես խոսուն է:
Եթե որևէ մեկն այս ամենի մեջ քաղաքական բաղադրիչ չի տեսնում, ուրեմն՝ կա՛մ ոչինչ չի հասկանում քաղաքականությունից, կա՛մ մենք բոլորս սխալ ենք մտածում:
Ինքս մնում եմ այն համոզմանը և պնդում եմ, որ անհրաժեշտ է գիտակցել, որ Ռուսաստանի հետ ունեցած հարաբերություններում, անկախ նրանց նկատմամբ ունեցած վերաբերմունքից, պետք է դրսևորել չափից դուրս նրբանկատություն ու պրագմատիզմ՝ ելնելով բացառապես Հայաստանի պետական ու ազգային շահերից:
Այդ շահերն այժմ պահանջում են անել առավելագույնը՝ թույլ չտալու համար, որ մեր տարածաշրջանում Ռուսաստանը հարկադրված լինի այլ դաշնակիցներ որոնել ու գտնել՝ քաջ գիտակցելով, որ այդպիսի գործընթացը լինելու է ի վնաս Հայաստանի ազգային ու պետական շահերի՝ դրա անկանխատեսելի և վատթարագույն հետևանքներով հանդերձ:
Մենք իրավունք չունենք տարածաշրջանում կորցնել մեր դիրքերը, մանավանդ, որ բոլոր թերություններով հանդերձ, ինքներս ենք եղել տարածաշրջանում օրակարգ թելադրողը:
Համենայն դեպս, Արցախի հակամարտության ողջ գործընթացի տրամաբանության համատեքստում աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնները մինչ օրս հաշվի են նստել հայակական կողմի արձանագրած փառահեղ ռազմական արդյունքի հետ, իսկ դա, համաձայնե՛ք, շատ կարևոր հանգամանք է պետության նկատմամբ ունեցող վերաբերմունքի առումով:
Այս առումով հույս ունեմ, որ Հայաստանի նոր ղեկավարությունը քաջ գիտակցում է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարևորությունն ու անհրաժեշտությունը, որոնք բխում են Հայաստանի պետական շահերից:
Անզեն աչքով տեսանելի է, որ հայ-ռուսական հարաբերությունները չեն գտնվում այն մակարդակի վրա, որի մասին հայտնվում է երկու կողմից էլ:
Պնդում եմ, որ անհրաժեշտ է վերբեռնել հայ-ռուսական հարաբերությունները, և Հայաստանի նոր ղեկավարը կարող է ստանձնել այդ կարևոր ու անհրաժեշտ հանձնառության առաքելությունը:
Այո՛, Ռուսաստանի հետ կարելի է վիճել, չհամաձայնել նրա այս կամ այն տեսակետի հետ, պնդել ու համոզել սեփական պատկերացումներըը, խոսել ինքնիշխան պետության դիրքերից, բայց նրա հետ, ազնիվ լինենք, դժվար է պատերազմել…
Ռուսաստանի հետ պետք է խոսել լրիվ անկեղծ և ներկայացնել Հայաստանի սուվերեն հետաքրքրություններն ու մեր ժողովրդի իրական տրամադրվածությունը:
Հայաստանի խնդիրն է ցույց տալ և գործնականում ապացուցել բոլորին, այդ թվում՝ նաև ռազմավարական դաշնակից Ռուսաստանին, որ մեր երկիրը չի շարժվում առաջ՝ ընդդեմ որևէ մեկի, առավել ևս Ռուսաստանի…