Ադրբեջանը մտադիր է Հայաստանի հետ սահմանին ԶՈՒ ստորաբաժանումների մի մասը սահմանապահներով փոխարինել: Ադրբեջանի գլխավոր հրամանատար, նախագահ Իլհամ Ալիեւի հրամանով Հայաստանի հետ սահմանին՝ Ղազախի եւ Աղստեւի շրջանում, սահմանապահ զորքերը կզբաղեցնեն դիրքերը եւ ռազմական օբյեկտները: Այս մասին ուրբաթ հայտարարել է Ադրբեջանի սահմանապահ զորքերի հրամանատար Էլչին Գուլիեւը՝ ելույթ ունենալով պետական սահմանապահ ծառայության՝ 2018 թվականի ամփոփիչ հաշվետու խորհրդաժողովում:
Բաքուն ուժեղացնում է Տավուշի ուղղությամբ իր ստորաբաժանումները սահմանապահ զորքերով, որոնք ավելի պրոֆեսիոանալ են ու մարտունակ: Դա կարող է կապված լինել մոտակա ժամանակներս ռազմական գործողությունների վերսկսման հետ․ Բաքուն ապահովագրում է ռազմավարական նշանակություն ունեցող Գյանջա-Ղազախական տնտեսական շրջանը:
Տավուշի մարզի հարևանությամբ է գտնվում Ադրբեջանի Գյանջա-Ղազախական տնտեսական շրջանը, որտեղով անցնում են ռազմավարական նշանակության նավթամուղներ, գազամուղներ, երկաթգիծ և միջպետական ավտոմայրուղիներ դեպի Վրաստան, Թուրքիա և Սև ծով։ Այդ շրջանի պաշտպանությունն Ադրբեջանի համար ունի կենսական նշանակություն և այդ շրջանի կորուստը նրանց համար «կփակի» ճանապարհը դեպի Վրաստան, Թուրքիա, ինչն էլ էականորեն ազդելու է ապագա պատերազմի ելքի վրա։
Սահմանապահների կիրառումը ՀՀ-ի հետ սահմանի հսկողության համար կարող է լրացուցիչ ուժեր տնտեսել ու այդ ադրբեջանական ստորաբաժանումները տեղակայել Արցախի դեմ:
ՀՀ-ն իր հերթին Տավուշի մարզի դիրքերում`3-րդ բանակային կորպուսի պատասխանատվության տակ գտնվող գոտում տեղակայել է ՀՀ ոստիկանության ներքին զորքերի ուժերը․ Բաքուն այս կերպ նաև արձագանքում է ՀՀ-ի կողմից Տավուշի դիրքերի ամրապնդմանը: