Դպրոց-դպրոց չխաղա՞նք: Խաղանք, բայց կռիվ-կռիվ չխաղանք:
Դասագրքերում գրված է, որ զբ, զգ, շտ, սթ, սկ, սպ, ստ, սփ հնչյունակապակցություններով սկսվող բառերի սկզբում ոչ վաղ անցյալում նկատելի, հիմա թույլ Ը է հնչում (կամ էլ Ը չի արտասանվում առհասարակ): Փորձե՛ք արտասանել՝ զբաղվել, զգալ, շտապ, սթափ և այլն: Եթե Ը կա, ապա նախորդող բառը նախադասության մեջ ՀԱՃԱԽ գործածվում է Ն հոդով: Օրինակ՝ ԾնողներՆ սպասում են: ԱրամՆ սկսեց քրքրել գրպանները:
Իսկ եթե չկա կամ շատ թույլ է, ապա...
Սիրելի՛ խմբագիրներ, սրբագրիչներ, ուսուցիչներ և ուրիշներ: Ն գրում ենք ՀԱՃԱԽ, բայց ոչ միշտ և պարտադիր: Կռիվներ մի՛ սարքեք, խնայե՛ք ձեր և Ն չգրողների նյարդերը: Լեզուն ամեն ինչ սիրո՜ւն կարգավորում է:
Կրկին ճիշտ հայերեն են՝ ԾնողներԸ սպասում են: ԱրամԸ սկսեց քրքրել գրպանները:
Հայերենի այնքա՜ն խնդիրներ ունենք լուծելու: Զուր ջանքեր չթափենք գրեթե լուծված հարցերի վրա: Հանուն մեր նյարդերի:
Դասն ավարտվեց: ԺամանակՆ զգացի՞ք / ժամանակԸ զգացի՞ք։