Կառավարության որոշմամբ պետական բյուջեից միջոցներ են հատկացվել նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում կրթություն ստացող Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված սովորողների ուսման վարձի փոխհատուցման նպատակով:

Ըստ այդմ` գործադիրն իր այսօրվա նիստում հավանության է արժանացրել «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N2323-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագիծը:

Որոշմամբ կապահովվի նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների վճարովի համակարգում մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ը սովորող Լեռնային Ղարաբաղի սովորողների ուսման վարձի փոխհատուցում:

Նախատեսվում է նաև այս տարի 1-ին կուրս ընդունված՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների սովորողների 2024-2025 ուսումնական տարվա ուսման վարձի փոխհատուցում:

Համաձայն որոշման` ՀՀ մարզերում գործող նախնական և միջին մասնագիտական կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունների սովորողները և մանկավարժական աշխատողները կստանան տրանսպորտային ծախսերի փոխհատուցում, եթե նրանք աշխատանքի կամ ուսումնառության նպատակով հաճախում են իրենց փաստացի բնակավայրից 5 կմ-ից ավելի հեռավորությամբ գտնվող այլ բնակավայրի հաստատություն:

Կատարված վերաբաշխման արդյունքում վերոնշյալ ծրագրերին կհատկացվի 54 մլն 573.5 հազար դրամ, որից 30 մլն 710 հազար դրամը կուղղվի ՀՀ ՄԿՈւ հաստատություններում սովորող Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների ուսանողների ուսման վարձի փոխհատուցմանը, իսկ ՄԿՈւ հաստատությունների սովորողների և մանկավարժական աշխատողները տրանսպորտային ծախսերի փոխհատուցման նպատակով կհատկացի 23 մլն 863 հազար դրամ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել