Ըստ BlogNews.am-ին հասած տեղեկության՝ մյուս տարի Իսրայելում Հայաստանը «Եվրատեսիլում» կներկայացնի երգչուհի Սրբուհի Սարգսյանը: Լուրը ճշտելու համար BlogNews.am-ը զրուցեց Սրբուհու հետ։ Վերջինս չփորձեց հերքել լուրը, փոխարենը նշեց. «Անկեղծ ասած՝ ես ոչ մի տեղեկություն ձեզ չեմ կարող տալ: Ես ինքս էլ տեղեկություն չունեմ՝ ինչ է լինելու «Եվրատեսիլի» հետ կապված»:
Երգչուհու PR պատասխանատուն ևս զուսպ եղավ մեկնաբանություններում․ տեղեկությունը ո՛չ հաստատեց և ոչ էլ հերքեց:
Նշենք, որ Առաջին ալիքն այսօր տեղեկություն է տարածել, որ դեկտեմբերի 30-ին՝ ժամը 22:20-ին, «Լավ երեկո» հեռուստաշոուի ընթացքում կհայտարարվի այն արտիստի անունը, ով կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթում:
Ի դեպ, սոցցանցերի օգտատերերը կարծում են, որ «Եվրատեսիլ 2019»-ին Հայաստանը կներկայացնի կա՛մ Սրբուհին, կա՛մ «Նեմռա» խումբը: