Հանրային հեռուստաընկերությունն արդեն հայտարարել է «Եվրատեսիլ 2020» երգի մրցույթի հայաստանյան թեկնածուների անունները: Եզրափակիչ անցած տասներկու մասնակիցներից մեկն էլ Վլադիմիր Արզումանյանն է, ում հեռուստադիտողը շատ լավ հիշում է «Մամա» երգով, որով 2010 թվականի «Մանկական Եվրատեսիլին» նա զբաղեցրեց առաջին հորիզոնականը:
«Ես փոքր տարիքից նպատակ ունեի, որ պետք է մասնակցեմ մեծերի «Եվրատեսիլին», ոչ թե մասնակցեմ, այլ գնամ և հաղթեմ: Վստահությունը շատ կարևոր է, իսկ ես իմ շանսերը շատ բարձր եմ գնահատում»,- BlogNews.am-ի հետ զրույցում նշեց Վլադիմիրը։
Փետրվարի 15-ին նախատեսվում է մասնակիցների առաջին ելույթը, իսկ այս փուլում ընթանում են փորձերը: Վլադիմիրը նշում է, որ բավականին պրոֆեսիոնալ թիմի հետ է աշխատում: Ինչ վերաբերվում է երգին, որոշեց դեռևս չխոսել, ասում է՝ թող անակնկալ լինի հանդիսատեսի համար:
«Ես իմ ուժերին վստահ եմ, ես՝ որպես արտիստ, կներկայանամ, և թող հանդիսատեսը ընտրի, գնահատի: Թող հաղթի լավագույնը: Ինչ վերաբերում է նրան՝ արդյոք ունեմ մրցակիցներ, թե ոչ, իհարկե, միշտ էլ լինում են մրցակիցներ, բայց առաջին մրցակիցն ինձ համար ես եմ»:
Երգիչն արդեն մեկ տարի է՝ տեղափոխվել է Երևան։ Ասում է՝ ստեղծագործական հաջողությունների հասնելու համար այստեղ հեռանկարներն ավելի մեծ են. «Կլինեն նոր աշխատանքներ, բայց հիմա ավելի շատ կենտրոնացած եմ «Եվրատեսիլի» վրա: Երբ ավարտվի այս փուլը, կզբաղվեմ նոր երգեր և տեսահոլովակներ ներկայացնելով»:
Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի