Yerevan.today-ը գրում է.

Չնայած որ վարչապետ Փաշինյանը հայտարարում է, թե մարտի 1-ը բացահայտված է ամբողջ ծավալով, այդուհանդերձ, հանդես են գալիս նոր հանգամանքներ, որոնք պարզում են՝ ոչ մի բան էլ չի բացահայտվել, ինչպես նաև կան բաներ, որոնց քննչական խումբը պարզապես բաց է թողել։ Առհասարակ, ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարներին գաղտնալսման հրապարակումը հօդս ցնդեցրեց վստահությունը, թե այս իշխանությունն ունակ է բացահայտել մեր պատմության ամենաիրարամերժ և հարցականներով լի էջը։ Հեղափոխական իշխանությունն այդպես էլ պաշտոնանկ չարեց մարտի 1-ի «բացահայտումը» խոստացած բարձրաստիճան այրերին՝ այդպիսով հետագայում մեծ կասկածի առիթ տալով հնարավոր բացահայտումների իրավացիության վրա։ Իսկ վերջերս հրապարակված «կողքի աչքերի» նկարահանումները բավականին դրվագներ են բացահայտում։ Այս անգամ՝ առանց չակերտի։

Ինչպես հենց ամենասկզբից, այսօր առավել կասկած է հարուցում հարցը՝ արդյո՞ք պատասխան են տալիս մեղավորները և արդյո՞ք լիարժեք քննություն է ընթանում։ Արդյո՞ք հեղափոխական իշխանությունը խնդիրը դրել է բացահայտել իրականությունը, թե՞, այնուամենայնիվ, փորձ է անում իրադարձության սցենարն իր ուզածով վերաշարադրել՝ հաշվի առնելով որ տասնամյա իրադարձությունների հիմնական դերակատարներից էր հենց Նիկոլ Փաշինյանը։

Հարցերը շատ են։

Հունիս ամսից հայտարարում են թե գործը բացահայտված է, սակայն որևէ մեկը չխոսեց 10 զոհերի մահվան հանգամանքների մասին և որ ամենակարևորն է՝ մեղավորների, կրակ արձակողների ինքնության մասին։ Փորձ արվեց Տիգրան Աբգարյանի մահվան պատճառ ներկայացնել հատուկ ջոկատայինների մեղքը, սակայն դա ևս հերքվեց։ Ի հակառակ հերքման՝ չբերվեցին ապացույցներ։ Այդ հայտարարությունը մնաց լոկ օդի տատանում, որ կոչվում է քամի։

Մարտի 1-ին անզեն ցուցարարների և զինված ոստիկանների, բանակայինների մասին իրական ու առասպելական բազմաթիվ գնահատականներ շատ ենք լսել։ ՀՔԾ պետը, որ սիրում է ամեն առիթով հայտարարել, թե «գործով անհերքելի ապացույցներ են ձեռք բերվել», նույնկերպ անհերքելիորեն նշում էր «Տիգրան Աբգարյանին հրազենային վիրավորում են հասցրել նրա համար, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի այդ խոսքերը, թե մենք արդեն ունենք զոհեր, հիմնավորվի, նախաքննությամբ արդեն հիմնավորվել են»։ Ու ՀՔԾ պետն անգամ զլացել է դիտել երկրորդ նախագահի՝ 2008թ. մարտի 1-ի` արտակարգ դրություն մտցնելու կապակցությամբ ասուլիսը, որտեղ Նախագահը լրագրողի հարցին ի պատասխան ասում է՝ «Զոհերի մասին այս պահին տեղեկություն ես չունեմ։ Տեղեկություն ունեմ ոստիկանության կողմից վիավորների մասին։ Ոստիկանության աշխատողներ են և ոստիկանական զորքերի ծառայողներ»։ Այդ դեպքում, ի՞նչն է նախաքննությամբ հիմնավորվել։ Փաստենք՝ այլևս տարօրինակ չէ Սասուն Խաչատրյանից տարօրինակ հայտարարություն լսելը՝ «նախաքննությամբ հիմնավորվել է» բառակապակցությամբ փաթեթավորված։

Բայց օրերս էլի հայտ եկավ տեսանյութ, որը բավականին ուշագրավ է և փոխում է իրերի դասավորությունը։

Ընդհնրապես, մարտիմեկյան իրադարձությունների մասին համացանցում տարածված տեսանյութերը, պատրաստված վավերագրական ֆիլմերը բոլորովին միակողմանի են, նրանցում խոսվում է թշնամու կերպար ստացած ուժայինների և նրանց դեմ ելած խեղճ ցուցարարների մասին, որոնք զինված էին արդարությամբ և «ընտրություններում հաղթած» Տեր-Պետրոսյանի ոգևորիչ ճառերով։ Կարծես մի անտեսանելի ձեռք արգելափակել է հակառակ պնդումների ապացույցները հաջորդող 10 տարիների ընթացքում։

Մարտի 1-ի վերաբերյալ նոր տեսանյութը, սակայն, գլխիվայր շրջում է տարիներ շարունակ հրամցվող պատկերը, սնանկ են դարձնում ժամանակակից քննչական մարմինների մեղադրանքները և անզեն քաղաքացիների մասին հիմնավորումները։ Նշենք նաև, որ երբ ասում ենք անզեն, նկատի ունենք միայն մահակներով, քարերով ու փայտերով զինված։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել