Մարդիկ ունակ են վերապրելու տարատեսակ էմոցիաների լայն դիապազոն: Այդ էմոցիաներից մեկը տխրությունն է: Ժամանակ առ ժամանակ բոլորն էլ ունենում են տխրության զգացողություն, սակայն հաճախ այն այնքան ուժգին է լինում, որ դժվար է լինում տարբերել դեպրեսիայից: Երկուսի պատճառն էլ սթրեսային իրավիճակներն են, սակայն դեպրեսիան պահանջում է լուրջ բուժում:

Եկեք նախ հասկանանք, թե ինչ երևույթներն են բնորոշում տխրությունը:

  • Հիմնականում տխրության համար լինում է կոնկրետ պատճառ, անգամ եթե այն շատ բացահայտ չէ:

  • Դուք շարունակում եք հաճույքով զբաղվել սիրելի գործով:

  • Սնվելու և քնելու ռեժիմներում չկան զգալի և հաստատուն խախտումներ:

  • Տխրության զգացողությունը երբեմն անցնում է՝ տեղը զիջելով ուրախությանը, հատկապես երբ զբաղվում եք սիրելի գործով:

  • Ժամանակ առ ժամանակ առաջանում են ինքնաքննադատական մտքեր, սակայն դրանք չեն գրավում ձեր գիտակցությունը:

Որոշ ժամանակ անց տխրությունն անցնում է, և դուք վերադառնում եք ձեր կյանքի բնականոն ռիթմին:

Իսկ այ դեպրեսիան այդքան հեշտ չի անցնում, դա հոգեբանական վիճակ է, որի ազդեցությամբ փոխվում են ուղեղի ֆունկցիաները: Այն արտահայտվում է ինչպես հոգեբանական, այնպես էլ ֆիզիկական ախտանիշներով:

Պրոֆեսիոնալ հոգեբանները դեպրեսիան ախտորոշելու համար առանձնացրել են որոշակի ախտանիշներ, որոնք պետք է առկա լինեն ամենաքիչը 2 շաբաթ: Ահա դրանք՝

  • Անդադար ընկճված և նյարդային վիճակ:

  • Նախկինում հաճույք պատճառող զբաղմունքների հանդեպ հետաքրքրության կորուստ:

  • Աշխորժակի կտրուկ անկում կամ աճ, ինչն ուղեկցվում է համապատասխանաբար քաշի կորստով կամ ավելացմամբ:

  • Անքնություն կամ էլ նորմայից ավելի քնկոտություն:

  • Հոգնածության ուժգին զգացում:

  • Անհանգստության նոպաներ առանց պատճառի:

  • Միայնության, անպետքության, դատարկության և մեղքի զգացումներ:

  • Մտավոր աշխատանք կատարելիս բարդություններ, կենտրոնացման հետ խնդիրներ:

  • Սուիցիդալ մտքեր:

Դեպրեսիայով տառապողների մոտ պարտադիր չէ, որ արտահայտված լինեն այս բոլոր ախտանիշները, դրանք կարող են ի հայտ գալ ժամանակի ընթացքում տարբեր չափաբաժիններով: Դեպրեսիան շատ վատ կերպով է անդրադառնում կյանքի և մտերիմների հետ հարաբերությունների վրա: Եթե դուք ձեզ մոտ նկատում եք դեպրեսիայի ախտանիշներ, ապա անհապաղ դիմեք բժշկի, ձեզ օգնություն է հարկավոր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել