Երևանի ավագանին հերթական նիստը կգումարի  նոյեմբերի 13-ին:

Ավագանու նիստի օրակարգում ընդգրկված է ութ հարց, որոնցից մեկը վերաբերում է Երևան քաղաքի 2800-ամյակին նվիրված՝ «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից բարեկարգվող այգուն:

Ավագանու քննարկմանը կներկայացվի այգու բարեկարգման աշխատանքների երկարաձգման հարցը: Այգում կատարվելիք աշխատանքները պայմանավորված են մի շարք երկրներից ապրանքների մատակարարման և ներմուծման հետ, և քանի որ այգու բարեկարգման և հիմնանորոգման ծրագիրը ճանաչվել է բարեգործական, որը հնարավորություն է տալիս օգտվելու հարկային արտոնություններից, հիմնադրամի կողմից ստացված բեռները նշված ծրագրի շրջանակներում բարեգործական ճանաչելու նպատակով վերջինս դիմել է ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովին:

Որոշման նախագծում նշվում է, որ խնդիրներ են առաջացել շատրվանների տեղադրման հետ կապված, քանի որ աշխատանքների կատարումը ստանձնած ռուսական «ՎՈԴԱԼՅՈՒՔՍ» ընկերությունը, հիմք ընդունելով շատրվանների միացման տեխնիկական կանոնակարգը, նպատակահարմար չի գտնում իրականացնել շատրվանների միացման աշխատանքները նոյեմբերից-մարտ ամիսների ընթացքում՝ հաշվի առնելով եղանակային պայմանները:

Այսպիսով, նախատեսված սեպտեմբերի 25-ի փոխարեն, այգու աշխատանքները կավարտվեն 2019 թվականի մայիսի 1-ին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել