Armtimes.com-ը գրում է․

Իրականում ուղղաթիռով «այց» Արթիկ եղել է, սակայն դրա «ուղեւորը» առաջին տիկին Աննա Հակոբյանը չէ: Ըստ արթիկցիների՝ Աննա Հակոբյանի այցից հետո նույն ջերմոց է այցելել նաեւ ՀՀ նախկին վարչապետ, ԵԱՏՄ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը եւ համադրելով փաստերը, ենթադրվում է, որ 105 կմ տարածությունը ուղղաթիռով հաղթահարող անձը հենց ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն է:

Մեր զրույցում Green food ՍՊԸ-ի ջերմոցների տնօրեն Անդրանիկ Իգնատոսյանը հերքեց մամուլում հրապարակված այն տեղեկությունը, թե Հակոբյանը Արթիկ է այցելել ուղղաթիռով: «Ես պաշտոնապես հերքում եմ, Աննա Հակոբյանը մեզ մոտ եկել է ծառայողական մեքենայով»,- ասաց տնօրենը: Հարցին, թե ճի՞շտ են այն տեղեկությունները, որ ուղղաթիռով Արթիկ այցելել է Տիգրան Սարգսյանը, Իգնատոսյանը պատասխանեց. «Մասնավոր ուղղաթիռ է եւ չեմ կարող ձեզ ինֆորմացիա տալ, թե ով է եղել մեջը, ոչ պաշտոնական հանդիպում է եղել, եւ հյուրեր ենք ունեցել, դա ոչ մեկին չի վերաբերվում: Դա եղել է Աննա Հակոբյանի այցից հետո»,- մեր զրույցում եզրափակեց Green food ՍՊԸ-ի ջերմոցների տնօրենը:

Հիշեցնենք, որ այսօր «Իրատես» թերթը «ասում են, թե»-ով գրել էր, թե Աննա Հակոբյանի այցը՝ Արթիկ տեղացիներն ահավոր զայրացրել է, այն պատճառով, թե վերջինս ուղղաթիռով է այցելել Արթիկ: Այս տեղեկությունն այսօր հերքել էր նաեւ Հակոբյանի մամուլի խոսնակը:

Հիշեցնենք, նաեւ, որ Աննա Հակոբյանի այցից հետո փորձ էր արվել նաեւ այդ այցը կապել ընտրությունների հետ, ինչին առաջին տիկինը սպառիչ պատասխան էր տվել Առաջին լրատվականի եթերում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել