ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ ստորագրել է «2019-2025 թվականներին ՌԴ պետական միգրացիոն քաղաքականության հայեցակարգի մասին» հրամանագիրը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Այն ուղղված է այդ թվում ավելի հարմարավետ պայմանների ձեւավորմանը արտասահմանից հայրենակիցների՝ Ռուսաստան՝ մշտական բնակության վայր վերաբնակեցման համար, մուտքի հստակ կանոնների ստեղծմանը եւ ապրելու, աշխատելու իրավունք ստանալուն, Ռուսաստանի քաղաքացիություն ձեռք բերելուն»,- պարզաբանել է պետության ղեկավարը՝ ելույթ ունենալով արտասահմանում ապրող հայրենակիցների Համաշխարհային կոնգրեսի նիստում:
«Բազմաթիվ խնդիրները, խոչընդոտները, որոնց մասին խոսում էին մեր հայրենակիցները, հանվել են»,- նշել է Պուտինը, ընդ որում՝ նա կոչ է արել «տեսնել, թե ինչպես է այն (հայեցակարգը) աշխատում գործնականում»:
ՌԴ-ն ժողովրդագրական և տնտեսական` աշխատուժի հետ կապված խնդիրները մոտակա տասնամյակների ընթացքում փորձելու է լուծել նախկին ԽՍՀՄ տարածքի բնակչության հաշվին` օգտագործելով նրանց ժողովրդագրական ներուժը` քիչ բնակեցված Հեռավոր Արևելքի, Սիբիրի և այլ շրջանների բնակեցման համար: Դա թույլ կտա որոշակի առումով շտկելու այդ շրջաններից բնակչության ներքին միգրացիայի (տեղափոխվում են հիմնականում Մոսկվա, Սանկտ-Պետերբուրգ ու ՌԴ-ի հարավ) բացասական երևույթներն ու որոշակի առումով պատնեշ ստեղծելու չինական ներթափանցման առջև:
Նախկին ԽՍՀՄ երկրների հաշվին սեփական ժողովրդագրության շտկման քաղաքականությունը կարող է լրացուցիչ խթան հանդիսանալ ՀՀ քաղաքացիների համար (հատկապես մարզերից) մշտական բնակություն հաստատել ՌԴ-ում ու դրան զուգահեռ հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից:
ՀՀ-ում սոցիալ-տնտեսական վիճակը մոտակա տարիներին կտրուկ չի բարելավելու, անգամ հնարավոր է վատթարացում, ու դա նպաստող հանգամանք կլինի ՀՀ-ից բնակչության արտահոսքի համար: ՀՀ-ն արդեն իսկ կանգնած է ժողովրդագրական աղետի շեմին (ՀՀ-ն համարվում է ծերացող բնակչություն ունեցող երկիր): Պատերազմող երկրից մոբռեսուրսի արտագաղթը թուլացնում է բանակի մարտունակությունն ու խնդիրների առաջ է կանգնեցնում տնտեսությունը:
Ժողովրդագրական իրավիճակի շտկման համար ՀՀ-ում պետք է իրականացնել (Սփյուռքի և այլ ֆինանսական ռեսուրսների հաշվին) բազմամիլիոնանոց ծրագիր, հակառակ պարագայում ՀՀ-ում սկսվելու են ժողովրդագրական անդառնալի գործընթացներ, որոնք հնարավոր չի լինելու շտկել անգամ ներգաղթի միջոցով: