«Հայկական ժամանակ»-ը վերլուծականում գրել է. «Կա մի ընդհանուր գիծ, որը ինքս նկատել եմ հեղափոխությանը մասնակցած, այսինքն` Նիկոլ Փաշինյանի կողքով քայլած և այժմ բարձր պաշտոններ զբաղեցնող չինովնիկների վարքագծում՝ չհիմնավորված ինքնավստահությունն ու անբռնազբոս պահվածքը։ Նրանք հեղափոխության հաղթանակը թերևս համարում են իրենց անձնական ձեռքբերումը, որի համար էլ փոքրիկ խրախուսական բոնուս են ստացել՝ նախարարական պորտֆել կամ որևէ հիմնարկի ղեկավարի պաշտոն։
Վկան՝ Հոգեկան առողջության պահպանման կենտրոնի տնօրեն Նարեկ Վանեսյանի պահվածքը Երևանի Հերացու անվան պետական բժշկական համալսարանի միջոցառման ժամանակ, որին, ի դեպ, ներկա են եղել Նոբելյան մրցանակակիրներ։ Վանեսյանը միջոցառման ընթացքում իրեն անվայել է պահել, տեղից ռեպլիկներ հնչեցրել, կոնֆլիկտային իրավիճակ ստեղծել։ Տեղեկությունը հաստատել է նաև Երևանի բժշկական համալսարանի լրատվական ծառայությունը։ Մտահոգիչ է, երբ հանկարծ պաշտոնի նշանակված, բարձր աշխատավարձով ու հանրային ուշադրության կենտրոնում հայտնված մեկն իր վարքով վնաս է հասցնում կառավարության հեղինակությանը։ Այդ հեղինակությունը սասանվում է նաև վարչապետի՝ երբեմն ոչ մի տրամաբանության, ոչ մի հիմնավորման չդիմացող կադրային նշանակումներով։ Որպես «դասական» նմուշ կարելի է ընդունել վերը բերված օրինակը՝ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի նշանակումը Սյունիքի մարզպետի պաշտոնում։
Ինչո՞վ էր ժամանակին հայտնի Հանրապետական կուսակցությունը։ Նրանով, որ այս կուսակցության անդամները նույն մտածողությամբ, կյանքի տարբեր իրավիճակներում (վախ, գլխապտույտ հաջողությունից, խուճապ, ուրախություն, տագնապ) կանխատեսելի վարք ցուցաբերող մարդիկ էին։ Հիմա էլ կառավարությունում կանխատեսելի վարքով, գրեթե նույն բառամթերքով չինովնիկներ են։
․․․ Երբ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը որևէ անհաջող կադրային նշանակում է անում, լրագրողները կարծիք են հարցնում կառավարության անդամներից, ԱԺ «Ելք» դաշինքի պատգամավորներից: Բոլորը կարծես նախապես անգիր արած տեքստեր հնչեցնեն: Պատրաստ են հիմնավորել, արդարացնել նշանակումն անգամ ամենաանհավանական ու անտրամաբանական հիմնավորումներ բերելով, այն դեպքում, երբ բաց ու շիտակ քննադատությունը, տրամաբանական հակափաստարկները շատ ավելի արժանապատիվ են ու ավելի օգտակար հենց վարչապետի համար: Չմոռանանք, որ ամեն դեպքում ունենալ իշխանություն նշանակում է դիստանցվել ժողովրդից ու իրականությունից` անկախ քո կամքից: Սա վտանգավոր և ռիսկային ճանապարհ է: Ժամանակավոր այս կառավարության անդամներին ինքնաքննադատությունը պակասում է: Այս հինգ-վեց ամիսներին սարեր շուռ տալ որևէ մեկը չէր սպասում, սակայն յուրաքանչյուր ոլորտում այսօր էլ նույն խնդիրները նույն ծավալով կան, ինչ նախկինում: Էյֆորիան, որի մասին այնքան խոսվում է, չկա. քաղաքացիներն արդեն շատ պրագմատիկ են մտածում: Այն քիչ մարդիկ, որոնք դեռևս էյֆորիկ վիճակում են, հենց պաշտոնյաներն են»:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=182833895953266&set=a.118632732373383&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել