Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղը ոչ մի կարգավիճակ Ադրբեջանի ինքնիշխանությունից դուրս չի ստանա:
Ալիևը հավելել է, թե Ադրբեջանը չի փոխելու իր սկզբունքային դիրքորոշումը, հայտնում է «Ինտերֆաքս Ադրբեջանը»:
Ալիևը ասել է նաև, որ «ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ ուղին Ադրբեջանի տարածքային ամբողջականության ապահովումն է»:
Ադրբեջանը հստակորեն գծեց այն կարմիր գիծը, որից այն կողմ չի անցնելու, ու դա միանշանակ մեսիջ է հայերին, Մինսկի խմբին, որ Ղարաբաղին չի տրվելու ոչ մի կարգավիճակ, Բաքուն ցանկանում է ոչ միայն յոթ շրջանները, այլ ամբողջ Արցախը, իսկ ի՞նչ է նշանակում ամբողջ Արցախն Ադրբեջանի կազմում` հայաթափություն, էթնիկ ջարդեր, Սումգայիթի, Բաքվի ջարդերի կրկնություն:
Բաքուն կոշտացրել է իր դիրքորոշումը, բանակցությունները մտել են փակուղի, ու պատերազմն է լինելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման տարբերակներից ամենառեալը։ Երևանն ու Ստեփանակերտը երբեք չեն համաձայնվի, որ Արցախը մնա Ադրբեջանի կազմում․ դա նոր հայոց ցեղասպանություն է ենթադրում արդեն արցախյան հողում: Բաքուն փորձում է վերադառնալ 1988թ.-ին` յոթ շրջանները հետ վերադարձնելով փորձել վերադարձնել նաև Լեռնային Ղարաբաղը կամ այս պարագայում՝ արդեն ԼՂԻՄ-ի սահմաններով տարածքները: Փաստորեն, Բաքվի համար արդեն իսկ անընդունելի ու քիչ են մադրիդյան սկզբունքները, որոնք, ի դեպ, ընդհանրապես հայանպաստ չեն:
Ո՞րը պետք է լինի ՀՀ-Արցախի պատասխանը։ Կառուցել այլ, նոր, smart բանակ` նորագույն տեխնոլոգիաներով, նոր զինատեսակներով, լրացնել այն բոլոր բացերը, որոնք կային Ապրիլյան քառօրյայի ընթացքում: Դա ենթադրում է նոր տնտեսության կառուցում, (այսօրվա տնտեսական հնարավորություններով ու ռազմական բյուջեով դա անելը շատ բարդ է), կանխել արտագաղթը, բացել աշխատատեղեր, մեծացնել պայմանագրայինների, պրոֆեսիոնալ զինվորականների թվաքանակը: Ժողովրդագրական վիճակն աղետալի է, այդ ուղղությամբ պետք է արվեն իրոք հեղափոխական լուծումներ, այսօր այդպիսի ռազմավարություն չկա:
Ադրբեջանը փորձելու է մեծացնել սեփական ռազմական ծախսերը` ՀՀ-ին ստիպելով մտնել սպառազինությունների մրցավազքի մեջ` վարկեր վերցնել ՌԴ-ից ու լինել կախված Մոսկվայի ռազմական առաքումներից, որոնք կարող են նաև ամենաանհրաժեշտ պահին ուշանալ:
ՀՀ-ն ու հատկապես Արցախը սեփական տարածքում պետք է կառուցեն նոր որակի ռազմաարդյունաբերական համալիր` քաղպաշտպանության նոր որակի լոգիստիկա, ակտիվ ու պատրաստված մոբռեսուրս, զորավարժություններին ներգրավվել հասարակության նորանոր շերտեր:
Բաքուն հստակ գնում է լայնածավալ պատերազմի․ Ալիևի այսօրվա հայտարարությունը դրա վառ ապացույցն է: Պատերազմին պետք է պատրաստ լինել ռազմական, տնտեսական, բարոյահոգեբանական և այլ առումներով: