Վրաստանի ու Ադրբեջանի միջև ազատ տնտեսական ռեժիմն աշխատում է որոշակի թերություններով, ու այդ ռեժիմը պետք է ընդլայնել: Այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն:
Նա նշել է, որ Ադրբեջանը հանդիսանում է Վրաստանի ռազմավարական գործընկերը:
Նրա խոսքով` այս տարի երկկողմ ապրանքաշրջանառությունը պետք է հասցնել մեկ միլիարդ դոլարի, իսկ մոտակա երկու տարվա ընթացքում այդ ցուցանիշը պետք է ավելացնել 50-60 տոկոսով:
Ադրբեջանը Վրաստանի խոշորագույն ներդրողն է: Թուրք-ադրբեջանական ներդրումները վրացական տնտեսության մեջ նաև քաղաքական լծակներ, ազդեցություն ստեղծելու նախապայման են. ադրբեջանական ներդրումները տրանսպորտային (Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգծի վրացական հատվածը կառուցվել է ադրբեջանական վարկով), և էներգետիկ կամրջի (Բաքու-Թբիլիսի-Ջեյհան, Բաքու-Թբիլիսի-Էրզրում, TANAP և այլ նախագծեր, Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա) նախագծերը հագեցնում ու հարստացնում են Թբիլիսի-Բաքու, Բաքու-Թբիլիսի-Անկարա հարաբերությունների օրակարգը:
Վրաստանում բնակվում է կես միլիոնի հասնող ադրբեջանական համայնք, որը Բաքվի կողմից ազդեցության, այս անգամ դեմոգրաֆիկ ազդեցության լծակ է: Ադրբեջանական իշխանությունները ներդրումներ են կատարում ադրբեջանաբնակ շրջաններոմ՝ Քվեմո-Քարթլի և այլն, որպեսզի տեղի ադրբեջանցիները չարտագաղթեն, բնակվեն Վրաստանում, հետադարձ կապ պահպանեն Ադրբեջանի հետ, կառուցվում են մզկիթներ, որպեսզի այդ բնակչության մեջ պահպանվի թյուրքական, իսլամական գաղափարախոսությունը, որն անհրաժեշտ պահին օգտագործվելու է ինչպես տեղի հայերի դեմ (Քվեմո-Քարթլիում կան նաև հայաբնակ գյուղեր կան), այնպես էլ ՀՀ-ի դեմ (ադրբեջանաբնակ շրջանները սահմանակից են ՀՀ Լոռու ու Տավուշի մարզերին):
Վրաստանի բնակչությունը ծերանում է, վրացիների մոտ ժողովրդագրական ճգնաժամ է, որը շուտով աղետի է վերածվելու: Թուրք-ադրբեջանական տանդեմն այդ ժամանակ օգտագործելու է թե՛ արտագաղթը Ջավախքից՝ այնտեղ թուրք-մեսխեթցիներ, մահմեդական աջարացիների, շինարարների անվան տակ ադրբեջանցիներ ու թուրքեր բնակեցնելով (Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգծի շինարարությամբ հիմնականում զբաղվում են ադրբեջանցիները, շուտով ՀԷԿ-երի կառուցման ծրագրեր են կյանքի կոչվելու), ինչի հետևանքով ՀՀ-ի հյուսիսային սահմանների երկայնքով՝ Աջարիայից, դեմոգրաֆիկ դեմքի փոփոխությունից հետո Ջավախքով մինչև ադրբեջանաբնակ Քվեմո-Քարթլի ձգվելու է թյուրքական-մահմեդական առանցքը, այսինքն՝ ՀՀ-ի հյուսիսային՝ դե յուրե, հայ-վրացական սահմանը՝ դե ֆակտո, վերածվելու է հայ-ադրբեջանա-թուրքական սահմանի:
Վրաստանի իշխանությունները դրան ոչնչով չեն կարող հակազդել, այդ թվում՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ներդրումների պատճառով․ Թբիլիսին ընկնելու է մեծ կախվածության մեջ այդ երկու պետություններից ու սկսելու է գործել նրանց ուղեծրի, արտաքին քաղաքական ուղենիշների ներքո:
Այդ հարցին պետք է լուրջ ուշադրություն դարձնել, քանի որ ՀՀ-ի ու Սփյուռքի ուշադրությունը կենտրոնացած է հիմնականում ղարաբաղյան հարցի ու Հայոց ցեղասպանության վրա, սակայն Վրաստանում հայաթափության, հայկական գործոնի տարեցտարի նվազման ու ադրբեջանա-թուրքական գործոնի ավելացման մասին քիչ է խոսվում, սակայն դա «չպայթած ռումբ» է ՀՀ-ի ազգային անվտանգության ու սահմանների անձեռնմխելիության համար: