«Իրավիճակը Տավուշի մարզի սահմանային գոտում գնահատում եմ կայուն, կրակոցները պարբերական բնույթ են կրում, բայց դա պայմանավորված է գյուղատնտեսական և շինարարական որոշ աշխատանքներով»,- այս մասին ռազմական լրագրողների հետ զրույցում նշեց նախարար Դավիթ Տոնոյանը, ով մասնակցում էր ՊՆ-ի կողմից «Ռազմական լրագրություն 2018» դասընթացի մասնակցության հավաստագրերը հանձնելու միջոցառմանը: Դավիթ Տոնոյանն ասաց, որ մեր ԶՈւ կողմից իրավիճակը վերահսկվում է:
Շատ է խոսվում և քննարկվում ղարաբաղյան ճակատում Ադրբեջանի սադրիչ գործողությունների մասին, սակայն ոչ պակաս կարևոր է նրանց «ակտիվությունը» Տավուշի մարզի ուղղությամբ։
Ադրբեջանը ՀՀ-ԼՂՀ դեմ գործողություններում Տավուշը կրակի տակ պահելու մի շարք «պատճառներ» ունի։
Ադրբեջանի զինված ուժերը, կրակելով սահմանամերձ գոտում գտնվող գյուղերի ուղղությամբ, ցանկանում են ստիպել տեղի սահմանապահ բնակչությանն արտագաղթել՝ սոցիալ-տնտեսական ծանր վիճակին, ինչի մասին Ադրբեջանը շատ լավ տեղյակ է, գումարել նաև վախի մթնոլորտ ստեղծելու ռազմավարությունը, կրակելով նաև դպրոցների, մանկապարտեզների վրա, ստիպել բնակչությանը կրակի տակ գտնվող գյուղից դեպի այլ ապահով՝ Դիլիջան, Իջևան, Նոյեմբերյան քաղաքներ (ներքին միգրացիա) տեղափոխվել կամ ընդհանրապես արտագաղթեցնել ՀՀ-ից։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գյուղերում հիմնականում մնացել են ծերերը, սակավաթիվ երիտասարդները պետք է կա՛մ զբաղվեն գյուղատնտեսությամբ` օգնելով ծերերին, կա՛մ դառնալ պայմանագրային, ինչը «կտրելու» է նրանց հիմնական զբաղմունքից` տնտեսական գործունեությունից, ու առաջնագծում գտնվելը դառնա տեղի բնակչության հիմնական զբաղմունքը՝ անմշակ թողնելով դաշտերը, կրակի տակ պահելով գյուղերը՝ «վանել» ցանկացած ներդրողի այդ գյուղում, հակառակորդի ուղիղ նշանառության տակ, որևէ աշխատատեղ բացելու ցանկությունից։ Հենց այդ բացերը լրացնելու համար էլ որոշում կայացվեց ներքին զորքերի որոշ ստորաբաժանումներ ուղարկել Տավուշի մարզ՝ հայ-ադրբեջանական սահման` առաջին գիծ:
Ադրբեջանը ցանկանում է Տավուշով անցնող միջպետական ՀՀ-Վրաստան ճանապարհը, նրա որոշակի հատվածներ դարձնել դժվարանցանելի ու վտանգավոր (Ոսկեպար և այլ հատվածները պահելով կրակի տակ՝ ստիպել կառուցել պաշտպանական պատեր և շրջանցող ճանապարհներ), երկարացնելով ճանապարհը, լրացուցիչ միջոցներ ուղղել բյուջեից` այդ ճանապարհների շինարարության և հետագայում պահպանման ուղղությամբ։ Խախտել կոմունիկացիաները` վտանգելով մեքենաների տեղաշարժը, ինչն էլ կարող է ազդել զբոսաշրջության (ՀՀ–Վրաստան, հատկապես Թիֆլիս մեկնողների համար) հոսքի վրա։
Տավուշի մարզի հարևանությամբ է գտնվում Ադրբեջանի Գյանջա-Ղազախական տնտեսական շրջանը, որտեղով անցնում են ռազմավարական նշանակության նավթամուղներ, գազամուղներ, երկաթգիծ և միջպետական ավտոմայրուղիներ դեպի Վրաստան, Թուրքիա և Սև ծով։ Այդ շրջանի պաշտպանությունն Ադրբեջանի համար ունի կենսական նշանակություն, և այդ շրջանի կորուստը նրանց համար «կփակի» ճանապարհը դեպի Վրաստան, Թուրքիա, ինչն էլ էականորեն ազդելու է ապագա պատերազմի ելքի վրա։
Այդ պատճառով Տավուշի ուղղությամբ Ադրբեջանը պահելու է զգալի զինված ուժեր ու շարունակելու է իր սադրիչ գործողությունները։
Նույն ռազմավարությունն Ադրբեջանը հետագայում կարող է կիրառել նաև Նախիջևանից՝ կրակի տակ պահելով ողջ Սյունիքը` Իրան–Հայաստան մայրուղին, Վայոց Ձորը և այլն։