«Շանթ» հեռուստաընկերության «Այրված անուրջներ» հեռուստասերիալի դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի ինստագրամյան էջին հետևելիս չես ձանձրանա. դերասանուհին զվարճալի տեսանյութեր է հրապարակում, երբեմն էլ մեքենայի մեջ երգում սիրելիի` Գոռի հետ: Մարիամը չի էլ փորձում թաքցնել, որ խենթ ու խելառ արարքների սիրահար է, ասում է` ոչինչ չի կեղծում, այն է, ինչ կա: Հենց նման անկեղծ հարցազրույց էլ ունեցել ենք դերասանուհու հետ, իսկ զրույցը սկսել ենք ամենասկզբից` բարի լույսից:                                      

«Իմ բոլոր առավոտներն իմ երազած առավոտներն են: Իհարկե, ես չեմ արթնանում այնպես, ինչպես Անդերսենի հեքիաթի հերոսուհին՝ «Արքայադուստրը սիսեռահատիկի վրա», ես չունեմ այդքան մեծ, փափուկ, հսկայական անկողին, բայց երազում եմ նման անկողնու մասին: Իհարկե, ինձ ամեն առավոտ սուրճ չեն մատուցում, առավել ևս՝ նախաճաշ, քանի որ առավոտյան սովորություն չունեմ նախաճաշելու։ Այս ամենից զատ՝ իմ առավոտները շատ ռոմանտիկ են սկսվում, երբ ամեն անգամ սիրելիիս կողմից նամակ եմ ստանում․ նա ինձ միշտ բարի լույս է մաղթում, ու հենց այդ պահից սիրով եմ լցվում: Ես շնորհակալ եմ իմ սիրելիին ամեն առավոտ ինձ նման էմոցիաներ պարգևելու համար»,- BlogNews.am-ի հետ զրույցում անկեղծանում է Մարիամը։  

Աշխատանքային խիտ գրաֆիկի պատճառով Մարիամին երբեմն չի հաջողվում հետևել առողջ ապրելակերպին․ «Պարզապես նախանձում եմ այն մարդկանց, ովքեր զբաղվում են սպորտով, ովքեր հետևում են իրենց կազմվածքին: Գոռը, օրինակ, հետևում է առողջ ապրելակերպին, մարզասրահ է հաճախում, իսկ ես պարզապես չեմ հասցնում: Բայց վստահ եմ` դրա ժամանակն էլ է գալու, քանի որ ես ուզում եմ անգամ հիսուն տարեկանում ճանապարհորդել ամբողջ աշխարհով և չունենալ ճնշման տատանումներ»:

Մարիամին խոհանոցում բռնացնելը դժվար է, ասում է՝ խոհանոցը և նա երկու ծայրահեղություններ են: Անգամ կատակում է՝ եթե նրա պատրաստելու ունակությունների մասին հարցնեինք Գոռին, մայրիկին և տատիկին, ոչ մի դրական բան չէին ասի. «Ինչ ուտեստ սիրում եմ, կարողանում եմ պատրաստել, ինչը ինձ դուր չի գալիս, անգամ չեմ էլ փորձում հետաքրքրվել, թե ինչպես են պատրաստում: Մի քիչ վախենում եմ խոհանոցից, չգիտեմ` ինձ ապագայում ինչ է սպասվում, և թե ինչպես եմ իմ ընտանիքը կերակրելու։ Երևի կօգտվեմ առաքման ծառայությունից: Ես ավելի շատ սիրում եմ համեղ սնվել, քան պատրաստել»:

Ինչպես շատ աղջիկների, այնպես էլ Մարիամի համար տնից դուրս գալիս ամենաբարդը հագուստի ընտրությունն է, իսկ լիարժեք պատրաստ լինելու համար դերասանուհուն անգամ մեկ ժամն է բավական: «Համալսարան գնալիս այդպիսի օր չկար, որ չնկարվեի և չուղարկեի հագուստս ընկերուհուս` Մարինային․ նա կարծես իմ ոճաբանը լինի, նրա խորհուրդները միշտ լսում եմ: Իսկ ինչ վերաբերում է նկարահանումներին, ես միշտ հարդարված և պատրաստ եմ գնում նկարահանման հրապարակ: Օրվա ընթացքում կարող եմ զգեստափոխվել, եթե կա տեսարանի փոփոխություն։ Ես երևի ավելի շատ Գոռին եմ զգեստափոխում, քան ինքս ինձ»:

Պարզվում է` Մարիամի ամենասիրելի հարցերից մեկն այն է, թե ինչ կարելի է գտնել նրա պայուսակում: Բայց նորից եմ շեշտում՝ նա պարզապես սիրում է այս հարցը, բայց դուք երբեք չեք իմանա դրա պատասխանը. «Այս հարցի պատասխանն այդպես էլ գաղտնի կմնա, միայն կասեմ, որ ոչ ոք, անգամ իմ մտերիմները երբեք չեն բացում իմ պայուսակը, քանի որ գիտեն՝ չեմ սիրում: Իհարկե, տնից երբեք դուրս չեմ գալիս առանց պայուսակի և առանց ձեռքիս թևնոցի։ Եթե ուշադիր լինեք, սերիալի բոլոր տեսարաններում այն իմ ձեռքին է. շատ թանկ է ինձ համար և միշտ ինձ հետ է»:

Մարիամն օրվա մեծ մասն անցկացնում է նկարահանման հրապարակում․ մասնագիտությունը խլել է ժամանակը: «Չեմ հիշում, թե ինչպես ավարտեցի երրորդ կուրսը, քանի որ չէի հասցնում դասի գնալ: Իհարկե, իմ մտերիմ ընկերուհին`Մարինան, կարողանում էր ամեն ինչ կարգավորել, որ ես խնդիր չունենայի ոչ մի դասախոսի հետ: Ես չեմ կարողանում շփվել անգամ իմ ընտանիքի անդամների հետ: Չգիտեմ՝ շնորհակալ լինե՞մ մասնագիտությանս, թե՞ նեղանամ, բայց և՛ սիրում եմ իմ մասնագիտությունը, և՛ հասկանում, որ շատ բաներից զրկվում եմ»:

Հայտնիությունը դերասանուհու կյանքում շատ բան չի փոխել․ նույն խենթ ու խելառ Մարիամն է, ով հասարակության մեջ իրեն պահում է այնպես, ինչպես որ կա: «Երբեք չեմ փորձում ուշադրություն գրավել և ցույց տալ, որ ես Մարիամ Ալեքսանյանն եմ և որ նկարահանվում եմ սերիալներում: Դա անգամ Գոռից է գալիս, երկուսս էլ նույն կերպ ենք մեզ պահում: Երբ մեզ փողոցում տեսնում են և ճանաչում, երկուսս էլ կարմրում ենք: Գիտեք, հայտնիությունն ինձ չի փոխել, նույն խենթ Մարիամն եմ, ով էներգիայով լեցուն է, ով խենթություններ է անում։ Այդ ամենը շատ լավ է, քանի որ ես ինձ այդպես եմ լավ զգում: Կարծում եմ` մարդիկ սիրում են քեզ այնպիսին, ինչպիսին որ դու կաս։ Ես գժություններով, խելագարություններով ապրող մարդ եմ»:

Հեռուստադիտողը Մարիամին ճանաչեց Հանրային հեռուստաընկերության «Բացիր աչքերդ» հեռուստանովելից. «Շատ լավ հիշում եմ այդ օրը։ Երբ առաջին սերիան եթեր գնաց, ինձ թվում էր՝ ես արդեն հայտնի եմ, բոլորին ժպտում էի, չգիտեի՝ հետս ինչ էր կատարվում, բայց հիմա շատ հանգիստ եմ: Ուրախանում եմ, որ ճանաչում են: Ես շփվել եմ այնպիսի դերասանների հետ, որոնցից իրոք շատ բան եմ սովորել, նրանց տված գիտելիքը ես ամբողջ կյանքում կարող եմ օգտագործել»:

Ինչ վերաբերում է իր անձի մասին բացասական մեկնաբանություններին և, առհասարակ, քննադատություններին, պարզապես սովորել է անտեսել և չի փորձում իր օրը լցնել բացասական էներգիայով. «Երբ դու հայտնի ես, ուշադրության կենտրոնում ես ու մի քիչ էլ գեղեցիկ ես, այո՛, դու քննադատվում ես հասարակության կողմից, բայց պետք չէ երբեք ուշադրություն դարձնել դրան և պետք է պարզապես հանգիստ ապրել: Չեմ ժխտում՝ եղել են վատ մեկնաբանություններ իմ և Գոռի հասցեին, բայց չեմ ուզում դրա մասին խոսել»: 

Մարիամը նշում է, որ սկսել է անձնականը փակ պահել, հիշում է իր սիրելի դասախոսներից Էմմա Շաբոյանի ասածը. «Այն ամենը, ինչ դու ունես, ինչը քեզ երջանկացնում է, ավելի լավ է՝ գաղտնի պահես, իսկ երբ հանրային է դառնում, այն այլևս միայն քո երջանկությունը չի լինում: Ամենը, ինչ դու ունես, ինչը քեզ երջանկացնում է, ավելի լավ է՝ գաղտնի քեզ երջանկացնի, իսկ երբ հանրային է դառնում, այլևս միայն քո երջանկությունը չի լինում: Այս կես տարվա ընթացքում այն Մարիամ Ալեքսանյանը, ով մարդկանցից շուտ էր հոգնում, մարդկանց էներգիա էր տալիս և փոխադարձ չէր ստանում, այն Մարիամ Ալեքսանյանը, ով բացահայտում և հիասթափվում էր, հիմա շատ է փոխվել, որովհետև իր կողքին հայտնվել է տղամարդ, ով նրա համար բացում է շատ նոր հորիզոններ, ցույց է տալիս այն ամենը, ինչ կա նրա ներսում: Ես շնորհակալ եմ, որ իմ կյանքի այս փուլում ես հանդիպեցի Գոռին, իսկ թե ապագայում ինչ կլինի, ոչ ոք չգիտի: Ես նրանից շատ բան եմ սովորել, օրինակ՝ պարզ ճակատով սխալը ընդունել: Չեմ խանդում նրան, միայն երևի զարմուհուս` Յանային եմ խանդում, քանի որ սիրահարվել է Գոռին»:

Նյութը` Սիրանուշ Գրիգորյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել