Արցախի հերոս Սամվել Բաբայանի այցը ԼՂՀ ու հանդիպումը Բակո Սահակյանի հետ շատ կարևոր էր Արցախում ներքաղաքական կայունության, արցախահայության միասնականության ու հին խնդիրներին վերջ տալու ու նոր էջից հարաբերություններ սկսելու առումով:
Կոմանդույուշին Ստեփանակերտում խոսել է քաղաքական, տնտեսական և այլ խնդիրներից, սակայն ամենակարևոր շեշտադրումը վերաբերում էր Արցախի անվտանգության մակարդակին, բանակի մարտունակության ու առաջնագծի հզորացման խնդիրներին:
Արցախի ՊԲ նախկին հրամանատարն, այդ հարցերում լինելով պրոֆեսիոնալ, իր խորհուրդներով ու պրակտիկ առաջարկություններով պատրաստ է օգնել ՀՀ-ի ու Արցախի իշխանություններին` հասկանալով, որ պատերազմը սարերի հետևում չէ, և պետք է ադրբեջանական բանակին դիմավորել պատրաստված ու ջախջախիչ հակահարված տալ:
Գեներալ Բաբայանի հերոսական անցյալն ու այսօր Արցախում գտնվելը նաև հզոր ոգևորության լիցք է արցախահայության համար, ինչպես նաև կարևոր մեսիջ Բաքվին, որտեղ դեռ անցած պատերազմից լավ են ճանաչում Կոմանդույուշիին ու նրա ռազմական տաղանդը:
Ցանկացած պարագայում ներքաղաքական և այլ խնդիրները պետք է թողնել անցյալում. առաջնայինն այս պահին Ադրբեջանին դիմագրավելու մարտահրավերն է, և ողջունելի է, որ պատերազմի ընկերներն ու միասին պատերազմ անցած Սամվել Բաբայանն ու Բակո Սահակյանը սեղանի շուրջ քննարկում են առկա բոլոր խնդիրները, իսկ Կոմանդույուշին պատրաստակամություն է հայտնում իր գիտելիքները ծառայացնելու Արցախի ՊԲ-ի մարտունակության աճին` առանց որևէ պաշտոններ ակնկալելու, ինչի մասին նա կրկին հայտարարեց Ստեփանակերտում բնակչության հետ հանդիպման ընթացքում:
44-ը կրկին կապի մեջ է: