44-ը կրկին կապի մեջ է


13:40 , 12 հուլիս, 2018

Արցախի հերոս Սամվել Բաբայանի այցը ԼՂՀ ու հանդիպումը Բակո Սահակյանի հետ շատ կարևոր էր Արցախում ներքաղաքական կայունության, արցախահայության միասնականության ու հին խնդիրներին վերջ տալու ու նոր էջից հարաբերություններ սկսելու առումով:

Կոմանդույուշին Ստեփանակերտում խոսել է քաղաքական, տնտեսական և այլ խնդիրներից, սակայն ամենակարևոր շեշտադրումը վերաբերում էր Արցախի անվտանգության մակարդակին, բանակի մարտունակության ու առաջնագծի հզորացման խնդիրներին:

Արցախի ՊԲ նախկին հրամանատարն, այդ հարցերում լինելով պրոֆեսիոնալ, իր խորհուրդներով ու պրակտիկ առաջարկություններով պատրաստ է օգնել ՀՀ-ի ու Արցախի իշխանություններին` հասկանալով, որ պատերազմը սարերի հետևում չէ, և պետք է ադրբեջանական բանակին դիմավորել պատրաստված ու ջախջախիչ հակահարված տալ:

Գեներալ Բաբայանի հերոսական անցյալն ու այսօր Արցախում գտնվելը նաև հզոր ոգևորության լիցք է արցախահայության համար, ինչպես նաև կարևոր մեսիջ Բաքվին, որտեղ դեռ անցած պատերազմից լավ են ճանաչում Կոմանդույուշիին ու նրա ռազմական տաղանդը:

Ցանկացած պարագայում ներքաղաքական և այլ խնդիրները պետք է թողնել անցյալում. առաջնայինն այս պահին Ադրբեջանին դիմագրավելու մարտահրավերն է, և ողջունելի է, որ պատերազմի ընկերներն ու միասին պատերազմ անցած Սամվել Բաբայանն ու Բակո Սահակյանը սեղանի շուրջ քննարկում են առկա բոլոր խնդիրները, իսկ Կոմանդույուշին պատրաստակամություն է հայտնում իր գիտելիքները ծառայացնելու Արցախի ՊԲ-ի մարտունակության աճին` առանց որևէ պաշտոններ ակնկալելու, ինչի մասին նա կրկին հայտարարեց Ստեփանակերտում բնակչության հետ հանդիպման ընթացքում:

44-ը կրկին կապի մեջ է: