Նախորդ օրը Փաշինյանի աշխատակազմի առանցքային դեմքերից մեկի՝ ոչ Հայ առաքելական եկեղեցու սպասավոր լինելը կամ ավելի կոնկրետ՝ այլ կրոնական կազմակերպության հարելը լուրջ հիասթափության ալիք առաջացրեց Ֆեյսբուքում: Տվյալ լուրն ուղեկցվեց սեռական փոքրամասնությունների կողմից ենթադրաբար շուտով անցկացվելիք շքերթի լուրով, և ֆեյսբուքահայության շրջանում նկատելի բողոքի տրամադրություններ առաջացան: Վերոգրյալ երկու օրինակներն ընդամենը ծաղիկներ են նրա դիմաց, ինչին մենք ականատես ենք լինելու շատ շուտով, երբ տարբեր սոցիալական խմբեր սեփական պատկերացումներին հակասող մոտեցումներն ընկալելու են որպես իրենց ուղղված հարկադրանք: Սա լինելու է և լինելու է այն պատճառով, որ հենց Նիկոլն այդպես ուզեց։ Դեռևս մի քանի տարի առաջ, երբ Նիկոլ Փաշինյանը նոր էր ստեղծում ՔՊ-ն, մեր գրասենյակում հյուրընկալեցինք նրան և Արայիկ Հարությունյանին՝ քննարկելու մեր մոտեցումներում առկա նմանությունները և հետագա համագործակցության հեռանկարները: Հենց հանդիպման միջնամասից մեր միջև առաջացավ մի անշրջելի անջրպետ. Նիկոլն ուղղակիորեն ասաց, որ իր համար չկան «իզմ-եր, այլ կա հանուն ՀՀ-ի մոտեցում»: Հենց այդ «իզմ»-երի բացակայությունն էլ հանգեցրեց սրան, որ Նիկոլին հռչակեցին «ժողովրդի թեկնածու», իսկ իր դեմ բողոքողներին նա անվանեց «սաբոտաժ անողներ» և այդպես շարունակ այն, ինչ տեսնում ենք բոլորս: 

Շուտով ԼԳԲՏ համայնքն է նեղսրտելու նրանից, որ Նիկոլի կառավարությունը չի օժանդակում Երևանում գեյ շքերթ (ավելի ճշտգրիտ անվանումը հայերեն չգիտեմ) անցկացնելուն, իսկ եթե Նիկոլը դրան օժանդակի, հանրության մեկ այլ` ավելի զգալի զանգված է սկսելու բողոքել: Դրան հաջորդելու է, ասենք, «ծռական» դիսկուրսը, որտեղ Նիկոլը ևս «ժողովրդի թեկնածուի» դիրքավորում ունի և որտեղ ևս լուրջ հակադրություններ են սպասվում, հետո քաղաքացիների մեկ այլ զանգված բողոքելու է կրոնական կազմակերպություններին օժանդակելու փաստից։ Այստեղ ևս Նիկոլը փակուղի է մտնելու: Ամուլսարի ներկայիս այլընտրանքը ևս վերոգրյալ ժանրից է: 

ԼՂ հակամարտության կարգավորման համատեքստում Նիկոլի` սեփական ծրագրի բացակայությունը ստիպելու է Ալիևին առավել կոշտ դիրքերից հանդես գալ, բայց քանի որ Նիկոլը Սերժին մեղադրում էր 800 հեկտար զիջելու մեջ, չի կարողանալու ժողովրդին համոզել, որ փոխզիջման է պետք գնալ, և կանգնելու ենք անխուսափելի պատերազմի առաջ: Էսքանին գումարվելու է տնտեսական վիճակի վատթարացումը. ոչ մի օտարերկրյա ներդրող լուրջ ներդրում (խոսքը մի քանի տասնյակ միլիոնի միջինից ցածր ներդրման մասին չէ) չի անելու մի երկրում, որտեղ ԱԱԾ-ն փաստացի մասնավոր սեփականության վերաբաշխում է անում: Ու դուք պատկերացնո՞ւմ եք, չէ՞, մի կողմից՝ ֆրուստրացիայի մեջ գտնվող տարբեր սոցիումներ, մի կողմից՝ պատերազմի սպառնալիք, մի կողմից՝ տնտեսական վատթարացում, մյուս կողմից էլ՝ ատամները կրճտացնող քաղաքական ուժեր ու զենքով հարցեր լուծելու պատրաստ «մաուզերիստներ», որոնց Նիկոլն ազատեց բանտերից: Էս պարագայում չի աշխատելու «ներքաղաքական վիճակը մի լարեք, որովհետև սահմանին լարվածություն է» իրատեսական մոտեցումը, որովհետև Արարատ Միրզոյանն ապրիլի թեժ օրերին ասում էր․ «Սուտ եք ասում, ոչ մի լարվածություն էլ չկա»: Նույնը ասելու են Նիկոլին, ու էդ ժամանակ մենք էսօր սերմանվող քյանդրբազության պատճառով ոչ թե 800 հեկտար ենք կորցնելու, այլ միգուցե մի ամբողջ Արցախ ու գումարած ՀՀ-ի ինքնիշխանությունը: 

Հ.Գ. Միգուցե շատ հոռետեսական տեսլական ունեմ այս պահին, բայց նվազագույնը սպասվող բավականին խորը ֆրուստրացիան ոչ ոք չի կարող գործնականում հերքել, ու հավատացեք՝ այ հենց էդ «ժողովրդի թեկնածու» եզրույթը ծնունդն ա «մեզ համար -իզմեր չկան» գաղափարի, որն էլ անխուսափելիորեն տանելու է (վստահ եմ՝ արդեն իսկ հասել ենք էդ հանգրվանին) քաղաքական բովանդակության բացակայության, ինչն էլ բերելու է անկառավարելի քաոսի, որին սկիզբ դրվեց մի քանի ամիս առաջ: Այսքանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել