Պատմության մեջ այս օրը` 1940 թ. հուլիսի 10-ին, պատերազմի շրջանակներում սկսվեց մի շրջան, որը պատմության մեջ մտավ որպես «Բրիտանիայի համար մղված ճակատամարտի» փուլ: Ֆրանսիայի խայտառակ կապիտուլյացիայից և բրիտանական և ֆրանսիական կենդանի մնացած ուժերի Դյունքերքյան փախուստից հետո գերմանացիների հաջորդ թիրախը Մեծ Բրիտանիան էր, որը, փաստացի, Արևմտյան Եվրոպայում վերջին դիմադրողական կետն էր: Հուլիսի 10-ին գերմանական լյուֆթվաֆեն, իսկ ավելի կոնկրետ` ռմբակոծիչները գրոհեցին Լա Մանշ նեղուցում գտնվող բրիտանական նավերը, իսկ որոշները գրոհեցին նաև Ուելսում գտնվող նավաշինարանները: Բրիտանական երկնքում սկսվեց ամիսներ տևած դաժան մի պայքար, որի բրիտանական հաղթական ելքը կարևոր էր ոչ միայն լոնդոնյան մետրոյում ավիահարվածներից հազարավոր պատսպարվածների, այլև ողջ Եվրոպայի համար․ չէ՞ որ, եթե Գերմանիան կարողանար տիրել բրիտանական երկնքին և իրականացներ «Ծովային առյուծ» անունը կրող դեսանտային գործողությունը, ապա դա կլիներ Եվրոպայում դիմադրության ավարտը, իսկ 4 տարի անց էլ «Օվերլորդ» (Դեսանտային ներխուժում Նորմանդիա, երկրորդ ճակատի բացում) գործողության նախապատրաստման և իրականացման համար Էյզենհաուերը պարզապես տարածք չէր ունենա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: