Թուրքիայում նախագահական ընտրություններում հաղթանակ է տանում պանթուրքիստ, նոր Օսմանյան կայսրություն կառուցող Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Ադրբեջանը շարունակում է զինվել` սպառնալով ղարաբաղյան հարցը լուծել ռազմական ճանապարհով:
Թուրք-ադրբեջանական տանդեմը Հարավային Կովկասում Էրդողան-Ալիև պանթուրքիստների, պանիսլամիստների գլխավորությամբ շարունակելու է հայատյաց քաղաքականությունը`ՀՀ-ԼՂՀ քաղաքական քարտեզից վերացնելու ռազմավարությունը:
Անկարան և Բաքուն այդ նպատակով տրանսպորտային, էներգետիկ, լոգիստիկ առումով մեկուսացնում ու շրջապատում են ՀՀ-ն Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա միջանցքի միջոցով:
Բացի այդ` թուրք-ադրբեջանական տանդեմի ռազմավարության մեջ կարևոր տեղ են գրավելու նաև ՀՀ-ն շրջապատող երկրներն ու այնտեղ նույնպես նրանք փորձելու են առաջ տանել պանթուրքիստական ռազմավարություն:
Նախիջևանը վերածվում է ռազմականացված պլացդարմի, որի սլաքն ուղղված է լինելու Երևանին, Սյունիքին, ինչպես նաև Իրանի հյուսիսային ադրբեջանաբնակ շրջաններին` պանթուրքիստական, պանթուրանական ծրագրերից ելնելով:
Պատահական չէ, որ Անկարան հայտարարել է Կարսից Նախիջևան երկաթգծի կառուցման մասին` Նախիջևանի մեկուսացումը վերացնելու, Թուրքիային կապելու համար:
ՀՀ-ի հարևան Վրաստանում` հատկապես ադրբեջանաբնակ Քվեմո-Քարթլիում, Բաքուն ունի մեծ տնտեսական, քաղաքական ազդեցություն: Բաքուն այդ տարածքն օգտագործելու է ՀՀ-ն նաև հյուսիսից թուրքական օղակով շրջապատելու համար: Թյուրքական միջանցքը ձգվելու է Քվեմո-Քարթլիով, Ջավախքը հայաթափելուց հետո՝ նաև այդ շրջանով։ Բաքուն ու Անկարան փորձում են հիմնականում հայաբնակ շրջանը թուրք-մեսխեթցիներով ու ադրբեջանցիներով բնակեցնել ու հասնելու են մինչև մահմեդական Աջարիա, որն արդեն իսկ նմանվում է փոքր Ստամբուլի․ թուրքական ժողովրդագրական, տնտեսական, ներդրումային էքսպանիան առկա է Բաթումում` ռեստորաններ, բիզնեսներ, մզկիթներ, ՀԿ-ներ և այլն:
Թուրքիան ու Ադրբեջանը փորձում են Աջարիա-Ջավախք-Քվեմո-Քարթլի ուղղությամբ ստեղծել պանթուրքական, պանազերիական միջանցք, ինչը ՀՀ-ն շրջափակելու է նաև հյուսիսից:
Ինչ վերաբերում է ՀՀ-ի հարավային հարևան Իրանին, ապա Բաքուն անընդհատ հայտարարում է Հարավային Ադրբեջանի հետ վերամիավորվելու մասին․ ադրբեջանական անջատողականությունն Իրանում ուղիղ հարված է ՀՀ-ի ու հայության գոյությանը Հարավային Կովկասում:
Բաքուն ցանկանում է Անկարայի օգնությամբ, ստեղծել, այսպես կոչված, Մեծ Ադրբեջան` միավորել Ադրբեջանի Հանրապետությունն ու Իրանական Ադրբեջանը:
Իրանի բալկանացումը` էթնիկ-կրոնական սահմաններով կազմաքանդումը բխում է ԱՄՆ-ի, Իսրայելի, Սաուդյան Արաբիայի շահերից, այդ պատճառով այդ երևույթին պետք է լուրջ վերաբերվել: Ամերիկա-իսրայելական հատուկ ծառայություններն ու սաուդյան գումարները կարող են Իրանի կազմաքանդումն իրականություն դարձնել, ինչը ՀՀ-ԼՂՀ-ի գոյությունը կդնի ուղիղ հարվածի տակ:
Էրդողանի ընտրությամբ պանթուրքիստներն ակտիվանալու են ՀՀ-ի ու Արցախի ողջ սահմաններով: