«Նիկոլ Փաշինյանը հայտա­րարել է, որ գեներալ Մանվելի ամառանոցում ԱԱԾ բացահայ­տումները երրորդ հանրապե­տության խոշոր կոռուպցիոն սկանդալն են: Հստակեցման կարիք ունի իհարկե՝ առա՞յժմ խոշորն են, այսինքն՝ մինչ ա՞յժմ բացահայտվածների շարքում, թե՞ խոսքը վերաբերում է մի գոր­ծի, որը, այսպես ասած, կծիկի ծայրն է, և այն քանդելն արդեն, ըստ էության, տեխնիկական խնդիր է կամ ինչպես թևավոր դարձած խոսքն է ասում՝ «ուչաստկովիի մակարդակի գործ»:


Կասկած լինել չի կարող, որ գե­ներալ Մանվելի ամառանոցի պահեստարաններում հայտն­վածը չէր կարող գալ առանց քաղաքական համաձայնության կամ հովանու: 

Բանն այն է, որ խոսքը միայն ծավալների մասին չէ, այլ բնույթի: Այսինքն՝ գողաց­վել է ապրիլյան քառօրյա պա­տերազմից հետո եկածը կամ հավաքվածը: Այսինքն՝ գողություն է կատարվել մի ժամանա­կահատվածում, երբ ամեն ինչ, ըստ էության, պետք է որ լիներ խոշորացույցի ներքո, գերուշադիր և աչալուրջ հայացքի ներ­քո, որովհետև պատերազմ էր, և այդ պատերազմում մեր դիմադրողականությունը կախված էր ինչպես յուրաքանչյուր կյանքից, որոնցից ավելի քան 100-ը մենք չկարողացանք պահել, այնպես էլ կախված էր յուրաքանչյուր մի­ավորից, ռեսուրսից, արկղից, արկից և այլն:

Ըստ այդմ՝ այստեղ առաջա­նում է ոչ միայն տանողի բարո­յական և իրավական վարքագ­ծի հարցը, այլ նաև թույլ տվողի և առաջին հերթին՝ նաև թույլ տվողի, որովհետև դա, ըստ էու­թյան, հավասարազոր էր սահ­մանը պահելուն: Այսինքն՝ քառօրյա պատերազմում կամ դրանից հետո զինվորի համար նախատեսվածը տանելը, ըստ էության, նշանակում է դիրք հանձնել՝ անկախ, թե ինչ են տարել: Ըստ այդմ՝ ինչ-որ մեկը չի պահել դիրքը, այս դեպքում թիկունքի: Հետևաբար, կա´մ ինչ-որ մեկը ցուցաբերել է հան­ցավոր, ազգային անվտանգու­թյանը սպառնացող անփութություն, կա´մ տեղի է ունեցել գլո­բալ դավադրություն, և «սահ­մանը» բացվել է այս դեպքում Մանվելի առաջ: Հետևաբար, իրավիճակը պետք է գնահատ­վի նաև այս տրամաբանու­թյամբ, և այդ դեպքում գուցե արդեն բոլորովին այլ մանրամասներ ի հայտ գան ոչ միայն տվյալ գործով գողությունից, այլ ընդհանրապես ապրիլյան քառօրյա պատերազմից և շատ ու շատ այլ գործերից:


Ահա այս համատեքստում է, որ բացահայտումը իրապես դառնում է երրորդ հանրապե­տության խոշորագույնը, որովհետև տվյալ պարագայում չափման միավորը կամ ելակետը գողացված կամ յուրացված փողի կամ երևույթի ֆինան­սատնտեսական ծավալի մա­սին չէ, այլ անվտանգության մակերեսի և խորության: Ի վեր­ջո, դրանում գեներալ Մանվելը կարող է լինել իսկապես միայն մակերեսին ելածը, մինչդեռ առավել կարևոր է դառնում բացահայտել այն, ինչ եղել է խորության մեջ, որովհետև, մեղմ ասած, չի բացառվում, որ խորության մեջ եղածը դեռ կա և շարունակում է գործել: Մանվել Գրիգորյանը երեկ հայ­տարարությամբ է հանդես եկել՝ խորհրդարանին հորդորելով զրկել իրեն անձեռնմխելիությու­նից և ասելով, որ ինքը ունի հակափաստարկներ, որոնք կներկայացնի քննությանն ու կվերա­կանգնի իր բարի համբավը: Դժվար է, իհարկե, պատկերացնել, թե ինչ ասել է հակափաստարկ և բարի համբավի վերա­կանգնում, և անկասկած է նա­և, որ անկախ Գրիգորյանի հորդորից՝ խորհրդարանը նրան կզրկեր անձեռնմխելիությունից: Տողատակում, սակայն, նրա հայտարարությունն ուշագրավ է, որովհետև գրեթե կասկած չկա, որ այս դեպքում էլ գործ կա­րող ենք ունենալ իրավիճակի հետ, երբ գեներալի նկուղում արտահայտվել է քաղաքական պայմանավորվածություն, ինչ­պես սուպերմարկետների բան­ջարեղենի բաժնում: Այսինքն՝ ամեն տեղ գործել է նույն տրա­մաբանությունը, որը սակայն հին համակարգում եղել է ոչ թե հանցավոր, այլ փոխշահավետ»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել