Սուբյեկտիվ դիտարկումներ 2
Էն, որ ասում են «չոր ու ցամաք»
1. Նիկոլ Փաշինյանը, եթե չեմ սխալվում, խնդիր էր դրել նախ՝ ստեղծել այնպիսի իրավիճակ, որ ՀՀԿ ղեկավար, արդեն նախկին նախագահ Սերժ Սարգսյանը չառաջադրվի վարչապետի թեկնածու: 
1-1. Սերժ Սարգսյանն առաջադրվեց:
2. Նիկոլ Փաշինյանի հայտարարած հիմնական քաղաքական նպատակն էր ձախողել (տապալել, խափանել՝ որը հարմար կլինի ձեզ) ԱԺ հատուկ նիստի անցկացումը, ըստ որում՝ այնպես, որ երկու անգամ հնարավոր չլինի կազմակերպել ու իրականացնել վարչապետի ընտրությունը (պատգամավորների քվեարկությունը), ինչից հետո, եթե չեմ սխալվում, սահմանադրական պահանջի ուժով նշանակվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: 
2-2. Սերժ Սարգսյանն ԱԺ հատուկ նիստում ընտրվեց (77 կողմ, 17 դեմ) վարչապետ, արդեն կառավարության կազմի նշանակումներն են ընթացքի մեջ:
3. Նիկոլ Փաշինյանը երկու օր առաջ հայտարարեց թավշյա, անարյուն հեղափոխություն սկսելու մասին:
Ժամկետներ, կարծեմ, չեն նշվել: Այնպես որ, դրա վերաբերյալ դատողություններից ձեռնպահ կմնամ, թեպետ երեկ Նիկոլ Փաշինյանի հրապարակած «հեղկոմային» ռազմավարությունն, անձամբ ինձ, ինչպես ասվում է, բան չասաց: Չնայած այս դեպքում կարևորն այն է, թե հրապարակված ռազմավարությունն ինչ ասաց իրեն հետևող քաղաքացիներին:
---
Չնայած հռչակած հիմնական նպատակի հարցում Նիկոլ Փաշինյանը փաստացի ձախողվել է կամ, եթե կուզեք, հաջողության չի հասել, զուգահեռ նա, ըստ իս, արձանագրել է նաև որոշակի ձեռքբերումներ: Մասնավորապես, ինչպես ինձ է թվում, Նիկոլ Փաշինյանն այս պահին շատերի կողմից ընկալվում է որպես հրապարակում եղած «միակ ընդդիմություն», ինչը նաև իր վաղուցվա նպատակն էր: 
Երկրորդ՝ նա, կարծում եմ, որոշակիորեն կամ գուցե վերջնականապես տարրալուծել է այն մշտական պիտակավորումները (որ նրան հետևողականորեն հասցեագրվում էին, բոլորդ էլ գիտեք, թե որ շրջանակների կողմից), թե «ծախված է», էս է, էն է: 
Երրորդ՝ Նիկոլ Փաշինյանն անձամբ, առնվազն հրապարակային աջակցության վիզուալ ընկալմամբ, ավելացրեց իր քաղաքական կապիտալը:
Առայժմ այսքանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել